Հայաստանին պետք է հնարավորինս արագ մշակել գյուղատնտեսության ու պարենային անվտանգության բոլորովին նոր ծրագիր

Հայաստանին պետք է հնարավորինս արագ մշակել գյուղատնտեսության ու պարենային անվտանգության բոլորովին նոր ծրագիր

 Պարենային անվտանգության հարցը վերջին տարում ու թերևս առաջիկա տարիներին նույնպես, սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։ Հայաստանի համար՝ առավել ևս։ Ռուս-ուկրաինական  պատերազմը հիմնովին սրբագրել է առաջին անհրաժեշտության, հատկապես հացով ու հատիկաընդեղենով ապահովվածության հարցը, բոլոր երկրների  համար։ Համաշխարհային այս պատերազմից առաջ ու 44 օրյա պատերազմից հետո հացով ապահովվածությունը  ՀՀ-ի համար արդեն օրախնդիր էր, պայմանավորված մի կողմից մեր երկրում վերջին տարիներին հացահատիկի մշակության ծավալների շեշտակի անկմամբ, մյուս կողմից Արցախից բավականին լուրջ քանակությամբ հացահատիկի ներկրման դադարեցմամբ։ Այսօր արդեն այդ ամենին գումարվել է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած անորոշությունն ու Ռուսաստանի կողմից կիրառվող «հացահատիկային քաղաքականությունը»։

Մինչև 2014-2015թթ-ը հանրապետությունում մշակվում էր գրեթե 190 հազար հա հացահատիկ և հատիկաընդեղենային մշակաբույսեր։ Սրանից 106-107 հազար հա-ն՝ ցորեն։ Ստացվում էր գրեթե 330-340 հազար տոննա բերք (սրա մի մասն էր պարենային ցորեն)։ Դրանով իսկ մեզանում հացի ինքնաբավության մակարդակը մոտենում էր 50%-ի։ 2021թ․-ին ցորենի բերք է հավաքվել 56․5 հազար հա-ից՝ 95 հազար տոննա ընդհանուր քանակով։ Այս տարի ցորենի ցանքատարածությունն ավելի քիչ էր։ Սա արդեն հանրապետության ընդհանուր պահանջարկի անգամ քառորդ մասը չի բավարարում, ինչը շեշտակիորեն մեծացնում է պարենային անվտանգության ռիսկերը։ Ինչո՞ւ է այդպես։ Պատճառները բազմաթիվ են, հիմնականում սուբյեկտիվ։ Նախկինում սուբսիդավորվում էր և՛ հացահատիկի սերմացուն, և՛ օգտագործվող դիզվառելիքը և՛ պարարտանյութը։ Այդքանից հետո մեկ հա ցորենի մշակությունից ստացվող զուտ եկամուտը, մեղմ ասած, չնչին էր։ Առավելագույնը՝ 70-80 հազար դրամ, որ երկու անձից բաղկացած ընտանիքի յուրաքանչյուր անձի ամսական եկամուտը կազմում էր   3000 դրամ։ Վերջին տարիներին սուբսիդավորման մեխանիզմը վերացվեց, ինչի արդյունքում, ինչպես արդեն նշվեց, ցանքատարածությունների ընդհանուր մակերեսը կրկնակի նվազեց։

 Օրերս կառավարությունը աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիր է ընդունել, համաձայն որի «1 հա աշնանացան ցորենի մշակության ծախսերի, մասնավորապես սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով, որի շրջանակում հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում 1 հա-ի համար կտրամադրվի 120 000 դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70 000 դրամ։ Համաձայն այդ Ծրագրի, շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողը, ընդ որում, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը»:   

Քայլ է արվել դեպի ոչ վաղ անցյալ, հացահատիկի սուբսիդավորման ժամանակաշրջան և տրամաբանորեն պետք է, որ դա որոշակիորեն ազդի հացահատիկի ցանքատարածությունների աճի առումով։ Արվածը սկզբունքորեն լավ ու կարծես հեռանկարային քայլ է։ Իրականում բոլորովին էլ այդպես չէ։ Հարցը նրանումն է, որ նախկինում մեկ պարկ ամոնիակային սելիտրան սուբսիդավորված գյուղացուն էր հասնում 5-6 հազար դրամով, այսօր պետությունը յուրաքանչյուր պարկի համար որպես սուբսիդիա վճարում է  5-6 հազար դրամ և այդքանից հետո գյուղացին էլ նույն պարկի համար վճարում է 13-14 հազար դրամ։ Մեկ հա-ի հաշվով նախկինի համեմատությամբ գյուղացին միայն սելիտրայի համար ավել է վճարում շուրջ 50 հազար դրամ։ Գրեթե նույնքան էլ ավել է վճարում վարուցանքի աշխատանքների կազմակերպման համար։ Նախկինի համեմատությամբ ավել է վճարում նաև սերմնացուի համար։ Այս դեպքում մեկ կգ ցորենի ինքնարժեքը ամենամեղմ հաշվարկների դեպքում անգամ անցնում է 120-130 դրամի սահմանագիծը։ 1․2-1․3 տոննա/հա միջին բերքատվության դեպքում, եթե ցորենն իրացվի 180-190 դրամով (կգ-ն) գյուղացու մեկ հա-ից ստացվող շահույթը կազմելու է  60-70 հազար դրամ։ Նույն 3-4 հազար դրամը մեկ անձի հաշվով ամսվա կտրվածքով։ Հետևաբար` կառավարության կողմից ընդունված աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը չի աշխատելու, որովհետև արդյունավետ լինել չի կարող։ Գուցե 5-10-15 հազար հա-ով ցանքատարածությունները ավելանան։

Ամենապարզ հաշվարկով, եթե նույն մեկ հա ցորենի փոխարեն գյուղացին թողնի, որ այդ տարածքում խոտ աճի, ապա տարվա ընթացքում նա կստանա 5-6 տոննա խոտ, որից կստացվի  250 հատ 20 կգ-անոց հակ։ Մեկ հակի նվազագույն գինն այսօր 1000 դրամ է։ Կամ, մեկ կգ-ն վաճառվում է նվազագույնը 50 դրամով։ Մեկ կգ-ի վրա արվող առավելագույն ծախսը կազմում է 15-17 դրամ (քաղել, հակավորել, տեղափոխել)։ Կստացվի, որ մեկ հա խոտից գյուղացին ֆիզիկապես բացարձակապես ոչինչ չանելով ստանում է շուրջ 220-250 հազար դրամի եկամուտ, որը պարզապես համեմատելի չէ ցորենի եկամտի հետ այն առումով, որ ցորենի մշակությունը խոտի համեմատությամբ բավականին աշխատատար է, հավելած գյուղացու պատասխանատվությունը կառավարության առաջ մի շարք առումներով, հավելած ոռոգման ջրի հարցը, հացահատիկահավաք կոմբայնի սարքինությունը  (տարիներ առաջ վիճակագրական կոմիտեն հրապարակեց տվյալներ, համաձայն որոնց բերքի մինչև 30%-ը կորում էր բերքահավաքի ժամանակ, կոմբայնների մաշվածության պատճառով), ցանքի ժամկետները պահելու  և այլ հարցերում։

Ստացվում է, որ կառավարության ներկայացրած աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը, եթե գործի էլ՝  ունենալու է արդյունավետության նվազագույն մակարդակ ու աշխարհում ստեղծված և ահագնացող պարենային անվտանգության ռիսկերի պայմաններում գործնականում մեր իրավիճակը չի մեղմելու։ Չենք կարողանալու հասնել անգամ 2013-2014թթ-ների բոլորովին էլ ոչ բարձր մակարդակին։ Մինչդեռ այսօր աշխարհաքաղաքական զարգացումները էականորեն պայմանավորված են տնտեսական, անվտանգային զարգացումներով, ինչի առումով մենք խոցելի ենք առավել, քան երբևէ։ Հետևաբար, եթե կառավարությունը բավարարվի այդքանով, դա կարելի է համարել ինքնախաբեություն։ Հայաստանին պետք է հնարավորինս արագ մշակել գյուղատնտեսության ու պարենային անվտանգության բոլորովին նոր ծրագիր, ներառելով հանրապետությունում եղած մասնագիտական ամբողջ ներուժը, ելնելով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումների ոչ  ոգևորող հեռանկարներից։