Աշխարհում պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը հասել է 345 միլիոնի․ ՊՀԾ

Աշխարհում պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը հասել է 345 միլիոնի․ ՊՀԾ

Աշխարհում պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը 2019 թվականից կրկնապատկվել է՝ հասնելով 345 միլիոնի՝ COVID-19 համավարակի, հակամարտությունների եւ կլիմայի փոփոխությունների պատճառով, չորեքշաբթի օրը հայտնել է Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ):

Մինչ կորոնավիրուսային ճգնաժամն ամբողջ աշխարհում 135 միլիոն մարդ էր տառապում սաստիկ սովից, Reuters-ին ասել է ՊՀԾ-ի տարածաշրջանային տնօրեն Քորին Ֆլեյշերը: Այդ թվերն այն ժամանակվանից ի վեր աճել են եւ, ինչպես սպասվում է, կլիմայի փոփոխության եւ հակամարտությունների պատճառով ավելի կաճեն:

Բնապահպանական խնդիրների ազդեցությունը եւս մեկ ապակայունացնող գործոն է, որը կարող է սննդի անբավարարության պատճառ դառնալ եւ հանգեցնել հակամարտությունների ու զանգվածային միգրացիայի:

«Այժմ մենք ամբողջ աշխարհում 10 անգամ ավելի շատ տեղահանումներ ենք տեսնում կլիմայի փոփոխության եւ հակամարտությունների պատճառով, եւ, իհարկե, դրանք փոխկապակցված են»,- ասել է նա:

Ֆլեյշերի խոսքով՝ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը հսկայական հետեւանքներ է ունեցել, ինչն ընդգծում է ինչպես տարածաշրջանի կախվածությունը ներմուծումից, այնպես էլ նրա մոտ լինելը Սեւ ծովին:

«Եմենը ներկրում է իր պարենի կարիքների 90 տոկոսը։ Իսկ Սեւ ծովից վերցնում է մոտ 30 տոկոսը»,- ասել է նա։

ՊՀԾ-ն աջակցում է պարենային օգնության կարիք ունեցող 16 միլիոն մարդկանցից 13 միլիոնին, սակայն միջոցների սղության պատճառով նրանց օգնությունը ծածկում է մարդու ամենօրյա կարիքների միայն կեսը:

Ծախսերն աճել են միջինը 45 տոկոսով, քանի որ COVID-19-ը եւ արեւմտյան դոնորները բախվել են հսկայական տնտեսական խնդիրների՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով:

Նավթ արտահանող երկրների համար, ինչպիսին Իրաքն է, որոնք շահել են ուկրաինական պատերազմի սկզբից նավթի գների աճից, պարենային անվտանգությունը սպառնալիքի տակ է:

Իրաքին անհրաժեշտ է մոտ 5,2 մլն տոննա ցորեն, սակայն արտադրել է ընդամենը 2,3 մլն տոննա ցորեն, ասել է նա: Մնացածը պետք է ներկրվի, որն ավելի թանկ կարժենա։

Չնայած պետական աջակցությանը, սաստիկ երաշտը եւ ջրի կրկնվող ճգնաժամերը սպառնալիքի տակ են դնում ողջ Իրաքի փոքր ֆերմերների ապրուստի միջոցները, ասել է նա:

Աղբյուրը՝   news.am