Արավուսի սոցիալ-տնտեսական խնդիրները Սյունիքի մարզպետը կներկայացնի կառավարություն

Արավուսի սոցիալ-տնտեսական խնդիրները Սյունիքի մարզպետը կներկայացնի կառավարություն

Օրերս, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը սահմանամերձ Արավուս գյուղում էր։
Արավուսը Տեղ խոշորացված համայնքի կազմի մեջ է մտնում ու գյուղի բնակիչներն էին մարզպետին հրավիրել զրույցի։ Գյուղը  առավելագույնս է տուժել հայ-ադրբեջանական վերջին հակամարտությունից հետո։  54 հա հողատարածքը, որ դեռեւս 1991-ին է սեփականաշնորհվել մարդիկ տարիներ շարունակ սահմանված կարգով վճարել են հողի հարկ, սակայն սահմանորոշումից հետո հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանի տարածքում: 

aravus2.jpg (150 KB)

Բացի դրանից,  հիմնականում անասնապահությամբ զբաղվող գյուղացիները մոտ մեկ ամիս հետո  արոտի են դուրս բերելու նաեւ խոշոր եղջերավոր անասուններին, իսկ  արոտավայրերը չեն բավականացնելու: Մյուս կողմից՝ անասնապահները կամա-ակամա հայտնվելու են անմիջապես սահմանին գտնվող դաշտամասերում, ինչը ոչ միայն անվտանգ չի կարող լինել, այլեւ կարող է ամենատարբեր միջադեպերի տեղիք տալ:

Գյուղացիները մարզպետին հարցրին՝  մի՞թե հնարավոր չէր անցած չորս ամսում գյուղի սահմանի երկարությամբ, որ յոթ կիլոմետր է, խրամատներ փորելփշալարեր կամ «էլեկտրական հովիվներ» (հոսանքով փշալարեր, որոնց հպվելուց անասունները չեն վնասվում ու չեն անցնում այլ տարածքԱԴ) տեղադրել, որպեսզի բացառվեր անասունների մուտքն այդ տարածքներ:

Գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը ներգյուղական խնդիրներից առաջնահերթը համարում է նախադպրոցական ուսումնական հաստատության բացակայությունը, մանավանդ որ փոքրիկ այդ բնակավայրում նախադպրոցական տարիքի 18 երեխա կա: Տեղի համայնքի ղեկավար  Ներսես Շադունցն առաջարկեց Արավուսի երեխաներին տանել  Տեղ գյուղի մանկապարտեզ, սակայն արավուսցիները, հատկապես երիտասարդ մայրերը չհամաձայնեցին։

Մելիքսեթ Պողոսյանը ողջամիտ համարեց 18 երեխայի համար գյուղում նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնելը եւ հանձնարարեց համայնքի ղեկավարին՝ պատրաստել ֆինանսական ծախսերի նախահաշիվ ու առաջարկություն՝ կառավարություն ներկայացնելու համար: Մյուս հարցերն էլ Սյունիքի ղեկավարը կկազմի զեկույց կներկայացնի կառավարություն՝ քննարկելու եւ շուտափույթ լուծումներ գտնելու համար։

Ի դեպ, սահմանամերձ բնակավայրի կարգավիճակում հայտնված եւ ադրբեջանական զինվորների հենակետերով շրջապատված Արավուսի բնակիչները, չնայած խնդիրներին, ամուր են կանգնած հայրենի հողի վրա եւ վստահաբար գյուղի տեր են զգում իրենց: