ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ հարցազրույցում՝ ՀՀ գյուղատնտեսության տեսանելի և անտեսանելի խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ հարցազրույցում՝ ՀՀ գյուղատնտեսության տեսանելի և անտեսանելի խնդիրները

 -Պարոն Խոջոյան, այս տարվա առաջին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 5,4 տոկոս անկումը, ինչո՞վ է դա պայմանավորված։

-Գյուղատնտեսությունն ունի սեզոնայնությամբ պայմանավորված առանձնահատկություն, և դժվար է դատել ոլորտում անկում է գրանցվում, թե աճ՝ պարզապես վերլուծելով եռամսյակային կամ կիսամյակային տվյալները: Մենք ունենք նախկինում գրանցված իրավիճակներ, երբ արձանագրվել է բավականին բարձր կիսամյակային աճ՝ 6,8 տոկոսով, սակայն 9 ամսվա կտրվածքով գրանցվել է անկում և, հետևաբար երբեմն դա սեզոնայնությամբ է պայմանավորված լինում:

Այս տարվա մարտին ձյան տեսքով առատ տեղումներ եղան, որն, իհարկե, իր ազդեցություն ունեցավ գյուղատնտեսության ոլորտի վրա: Վեգետացիայի շրջանը երկարեց. գյուղմթերքի որոշ տեսակներ պատմականորեն այս կամ այն ամսին էին արտադրություն մտնում՝ սակայն այս տարի վեգետացիայի պատճառով ուշացան: Օրինակ կարտոֆիլի գները այդ պատճառով մեկ ամսվա կտրվածքով շեշտակի բարձրացան, քանի որ մեկ ամսով հետ ընկավ կարտոֆիլի վեգետացիան և դա որոշակի առումով պատճառ դարձավ, որ ստեղծվի կարտոֆիլի դեֆիցիտ:

 Նմանատիպ գործոններով պայմանավորված, բուսաբուծության ոլորտում, եթե օրինակ 6 ամիս ենք դիտարկում ծիրանի արտահանումը, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ բավականին հետ էինք: Բայց այսօր 40 500 տոննա արտահանվել է, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 5 հազար տոննայով. Նախորդ տարի արտահանվել է 34 500 տոննա: Այսօր էլ փոքր քանակներով արտահանումը շարունակվում է։ Նմանատիպ իրավիճակ է բուսաբուծություն ոլորտի մյուս ապրանքների շրջանում: Համեմատելով վերամշակման ոլորտում օպերատիվ տվյալները, կարող եմ ասել, որ այս տարի պտուղ-բանջարեղենի վերամշակման ծավալները նույնպես աճել են:

Անդրադառնամ նաև անասնաբուծության ոլորտին, ապա 2021թ-ը սակավաջուր տարի էր, տեղումները բավականին քիչ էին և դա պատճառ հանդիսացավ, որ խոտի գինը բարձրանա: Կաթի, մսի արտադրությունը մի քանի հիմնական գործոններով է պայմանավորված՝ կերը, պահվածքը, գենետիկան, այս 3-ից ինչ-որ մեկի խախտումն ազդում է արտադրողականության վրա:

2021թ-ի իրավիճակը չէր կարող չազդել այս ոլորտի արժեշղթաների վրա, և արդյունքում շատ ֆերմերներ կամ պարզապես ազատվեցին որոշ գլխաքանակից, կամ սկսեցին քիչ կերակրել իրենց կովերին, որն էլ իր ազդեցությունն ունեցավ:

2022թ․-ին, ընդհանուր առմամբ, ջրային պաշարները, ջրամբարների հագեցվածությունը բավականին բարձր է: Զուգահեռաբար տեսնում ենք նաև, որ եղանակը բարենպաստ է խոտի, կերի արտադրությունը համար: Այսօր 700 000 տոննա չոր կեր է անհրաժեշտ Հայաստանում անասնագլխաքանակի համար, և կարելի է այսել, որ այդ ցուցանիշը գրեթե ապահովված է, և տեսնելով շուկայում խոտի գինը մինչև տարվա վերջ ակնկալվում է դրական փոփոխություն՝ անասնագլխաքանակի ավելացման և կաթնատվության, և մսատվության առումով;

 -Պարոն փոխնախարար, մտահոգիչ է մնում չմշակվող հողատարածքների խնդիրը, ինչպե՞ս է այն լուծվելու, ի՞նչ ծրագրեր ունեք:

-Դա կառավարության առաջնահերթություններից է, և նաև գյուղատնտեսության ռազմավարության մեջ առկա են հողային բարեփոխումները, որոնք շարունակական են: Դրանք մեկնարկել են 2 տարի առաջ ներկայացվել է մի ամբողջ փաթեթ, օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, նախկինում հողի կատեգորիայի փոփոխությունը հստակ ձևակերպված չէր օրենքում և ներդրողները անորոշության մեջ էին, թե ո՞ր հողատարածքը գնել և ի՞նչ նպատակներով օգտագործել, կամ ինչպե՞ս հողի կատեգորիան փոխել:

Օրենքում կատարվեց հստակեցում և կառավարությունը սահմանեց այն չափորոշիչները, որի դեպքում կարող է հողի կատեգորիայի փոփոխություն տեղի ունենալ: Այդ գործընթացում կա մեծ հստակություն, և ՛ ներդրողների, և ՛ նոր ֆերմերների, և ՛ նրանց համար ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց հողատարածքները: Հիմա ավելի հստակ է, թե ո՞ր պայմանների դեպքում կարող են հողի փոփոխություն կատարել:

Խնդիրը բավականին լուրջ է և հողատարածքների մշակման նպատակով կառավարությունը վերջերս կարևոր որոշում ընդունեց: Մենք էլ ենք դիտարկվում չօգտագործվող հողատարածքները, արձանագրել ենք հողատարածքների չօգտագործման պատճառները: Մեր պետք է ակտիվացնենք հողի շուկան: Oրինակ, եթե սեփականատերը ցանկանում է բնակարանը վաճառել, այսօր վաճառում է, մինչդեռ այսօր կան դեպքեր, երբ հողի դեպքում առաջանում են մի շարք խնդիրներ:

Ունենք դեպքեր, երբ արձանագրվում են փաստաթղթավորման խնդիրներ. 90-ականներին հողային ռեֆորմ է եղել, հող են տվել, ընտանիքը մեծացել է, ոչ ոք փաստաթղթավորման, աշխատանքի, ժառանգության հարցերով չի զբաղվել, մի մասը կյանքից հեռացել է, և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ չի իրականացվել:

Արդյունքում, փաստացի հողօգտագործողը, ով ցանկանում է վաճառել կամ վարձակալության տալ իր չօգտագործվող հողը՝ առերեսվում է բազմաթիվ փաստաթղթային խնդիրների, որը ֆերմերի կամ ներդրողի համար ստեղծում է բազմաթիվ դժվարություններ:

Մյուս խնդիրը հողերի մելիորատիվ վիճակն է և ջրի հասանելիությունը: Եվ այս նպատակով կառավարությունը վերջերս մի շատ կարևոր որոշում ընդունեց. այն ֆերմերները, ովքեր կկոնսոլիդացնեն 30 մինչև 200 հա հողատարածք՝ կառավարությունը կփոխհատուցի մելիորացիայի և ջրավազանի կառուցման ծախսերի շուրջ 50 տոկոսը և մարդիկ կարող են օգտվել նաև ոռոգման համակարգի ներդրման ծրագրից, որը նույնպես 50 տոկոսով կփոխհատուցվի: Տարբեր գործիքներ կարող են համադրել:

Այս ամենն իրականացվում է, որպեսզի հետաքրքրություն առաջանա լքված հողի հանդեպ, քանի որ կան լքված հողատարածքներ, որոնք գտնվում են ոչ գրավիչ վիճակում, պետք է ծախս անել և այդ հողատարածքները գրավիչ դարձնել: Չեմ կարծում, որ Հայաստանում կա հողակտոր, որ գրավիչ է և չի մշակվում:

 -Հողօգտագործողների համար այլ փոփոխություններ կա՞ն:

-Այո, հողային օրենսգրքում կատարվեց մեկ այլ փոփոխություն: Նախ` պարզեցվեց մինչև 100 000 խմ ջրավազաններ կառուցելու ընթացակարգը, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակությունը, երբ փոխում էր ջրային նշանակության: Ջրավազան կառուցելու համար առաջանում էր կադաստրային գնի տարբերություն, ջրային կատեգորիան թանկ էր և, երբեմն, այդ տարբերությունը հասնում էր մինչև 50 000 դոլարին համարժեք դրամի մեկ հա-ի համար։ Այդ տարբերությունը հանվեց՝ տեղային ջրի կուտակումը, օգտագործումը խթանելու նպատակով։

Ջրի օգտագործման արդյունավետության բարձրացման համար 2022թ-ին համապատասխան ծրագրում կատարվեց փոփոխություն, որի արդյունքում կառավարությունը սուբսիդավորում է նաև ջրային նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ծախսերի 50 տոկոսը, 2 անգամ բարձրացրեց փոխհատուցման բաժինը, դա արվեց խթանելու համար ջրախնայող տեխնոլոգիաների կիրառումը։

Նաև կաթիլային ոռոգման ծախսերի 50 տոկոսն է փոխհատուցում կառավարությունը, որը նույնպես միտված է խթանելու հենց ջրի արդյունավետ տեխնոլոգիաների կիրառումը:

Մեր առջև երկու խնդիր է դրված․ գլոբալ տաքացման հետևանքով ջրային միջոցները նվազում են և պատահական չէ, որ կառավարությունը հետամուտ լինելով համաշխարհային փոփոխությանը՝ աշխատանքներ է կատարում, որ մեկ օր շուտ ֆերմերները ներդնեն ջրախնայող տեխնոլոգիաները, ջրի հիմնական կորուստը հենց ճանապարհեին է՝ մինչև բույսին հասնելը:

Մեկ այլ ծրագիր էլ կա. այն ֆերմերերը, ովքեր կներդնեն կաթիլային ոռոգման համակարգ՝ 5 տարի ժամկետով կազատվեն ջրի վարձից, իսկ այս տեխնոլոգիաների զանգվածային կիրառությունը համոզված եմ, մեզ հնարավորություն կտա ջրամատակարարումն ընդլայնել և ՛ որակը բարելավել, և ՛ ոռոգվող հողատարածքների մակերեսն ընդլայնել:

-Իսկ կաթիլային ոռոգումը բաց գրունտում որքանո՞վ է նպատակահարմար:

-Կաթիլային ոռոգման տեխնոլոգիաները տարբեր կիրառում ունեն. կաթիլային, անձրևացման եղանակով և այստեղ կարող ենք կիրառել միջազգային փորձը, որն ամբողջ աշխարհում է ընդունված: Ամբողջ աշխարհում ոռոգման ոլորտում, ընդհանուր առմամբ, խնդիրները նմանատիպ են, որոշակի տարբերություններ կան կապված բնակլիմայական պայմանների, տեղադիրքի և երկրի առանձնահատկությունների ելնելով, սակայն խնդիրները նմանատիպ են:

-Գյուղատնտեսական ապահովագրությունը դեռևս ձևավորման փուլում է. ի՞նչ անեն այն ֆերմերները, որ այս տարի 100 տոկոսով բերք են կորցրել և ապահովագրություն չունեն:

-Պատահական չէ, որ մեզ համար կարևորագույն ծրագրերից է գյուղատնտեսության ապահովագրությունը, այն մեկնարկել 2020թ-ին երկու պրոդուկտով և 3 ռիսկով. կարկուտ, ցրտահարություն, հրդեհ, երկու պրոդուկտը` ծիրանը և խաղողը: Երկու տարվա ընթացքում պրոդուկտները հասան 13-ի, իսկ ռիսկին ավելացան սակավաջրություն և երաշտ բաղադրիչները: Կառավարությունը սուբսիդավորում է ապահովագրավճարի 50-60 տոկոս:

Ֆերմերը պետք է՝ գիտակցի, որ բնակլիմայական ռիսկը մեղմելու հնարավոր մեխանիզմն ապահովագրությունն է, և զանգվածային ապահովագրությունը կբերի այս ծրագրի կայացմանը:

Շատ դեպքերում, ապահովագրավճարը ցորենի համար, կազմում է 4000 դրամից մեկ հա ցորենի համար մինչև ինչ-որ մի գումար: Ֆերմերները պարզապես չեն ցանկանում այդ 4000 դրամը վճարեն և ապահովագրեն բերքը: Պետք է ապահովագրության կարևորության գիտակցումը փոխանցել մեր ֆերմերներին:

Այժմ բոլորն են մեքենաներն ապահովագրում, երբ ավտոապահովագրությունը մեկնարկեց կային դժգոհություններ, բայց հիմա մեր կյանքը հեշտացել է, մարդիկ կան ոչ մի ավտովթարի մեջ չեն հայտնվել և տարիներ շարունակ ապահովագրում են իրենց ռիսկը, քանի որ վթարի դեպքում մեծ ֆինանսական կորուստներ կունենան: Նույնը գյուղապահովագրությունն է:

Կան ֆերմերներ, ովքեր նախորդ տարի կորուստ չեն ունեցել և հաջորդ տարի հրաժարվում են ապահովագրությունից: Սակայն, եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ անկանխատեսելիությունը մեծացել, և տարբեր ռիսկերից ապահովագրությունը գործիք է: Անհրաժեշտ է ապահովագրությունը ծախս դիտարկել և այն պետք է բերքի ինքնարժեքի ձևավորման մաս կազմի։ Այս մոտեցումը պետք է խրախուսել, պետք է ֆերմերները գնան սրան:

Մեր նպատակն է ստեղծել համակարգեր, չի կարելի այս կամ այն սուբյեկտիվ որոշումների քմահաճույքին թողնել՝ համակարգը պետք է գործի, ապահովագրությունը լինի և ռիսկի դեպքում փոխհատուցի ծախսը։ Կառավարությունը մեծ միջոցներ է ծախսում գյուղոլորտում ապահովագրություն ինստիտուտը կայացնելու համար, նախկինում չի եղել, եղել է սուբյեկտիվ տեղային որոշումների մակարդակում, իսկ հիմա պետք է ապահովագրել: Լինում են դեպքեր, երբ այս կամ այն պրոդուկտը դեռ ապահովագրության ռիսկի մեջ չկա, և Տարածքային կառավարման նախարարությունը, մարզպետարանի, համայնքների հետ իրավիճակային լուծումներ են առաջարկում, իսկ եթե պրոդուկտներն առկա են, այդ դեպքում պարտադիր պետք է ապահովագրել:

 -Ի՞նչ կասեք գյուղոլորտի զարգացումների վերաբերյալ, ընդհանուր առմամբ:

-Այսօր բնակլիմայական պայմանների փոփոխությամբ պայմանավորված էլ ավելի է մեծանում Հայաստանի գրավչությունը, որովհետև տարբեր գոտիներում հնարավոր է իրականացնել մշակություն: Կան շատ երկրներ, որ չունեն տարբերակված գոտիականություն և եղանակային պայմաններով պայմանավորված այսօր լուրջ մտահոգությունների և մարտահրավերների առջև են կանգնած և մենք էլ ենք կիսում:

Մենք գործարկում ենք տարատեսակ գործիքներ և ծրագրեր, մեր կողմից առաջարկվող ծրագրերը ապագային միտված ծրագրեր են: Ունենք հստակ թիրախներ մեր առջև դրված՝ դա կվերաբերի թարմ միրգ-բանջարեղենի արտահանմանը, դա կվերաբերի վերամշակված ապրանքների արտադրությանն և արտահանմանը, և այդ ծրագրերը իրենց նպատակներին հասնում են այսօր:

Օրինակ, ինտենսիվ այգիների ծրագրում մենք թիրախ էինք դրել ամեն տարի 1000 հա, սակայն 2021թ-ին ունեցել ենք 1400 հա և ուրախալին այն է, որ շատ դեպքերում հիմնվում է հենց անջրդի հողատարածքներում: Ստեղծվում է այգի, ենթակառուցվածք, անջրդի հողատարածքում սկսվում է բարձրարժեք բույսի արտադրություն: Այս տարի արդեն ունենք 800 հա հիմնված այգի, հուսանք մինչև տարեվերջ կավելանա: Տեսնում ենք, որ հետաքրքրությունը փոքր ֆերմերների կողմից մեծացել է, բացի այդ փոխհատուցման գործիքն առկա է՝ 50 տոկոս ծախսերի փոխհատուցում, որը նույնպես գրավչություն է տալիս այդ ուղղությանը: Մեկ կամ կես հա-ի հիմնումը փոքր տնտեսությունների համար հնարավոր ծախս է, երբ 50 տոկոսը կառավարությունն է փոխհատուցում:

Այժմ տեսնում ենք, այնքան է մեծացնել ինտենսիվ այգիների նկատմամբ հետաքրքրությունը, որ կառավարությանն առաջարկել ենք 2023 թվականի հունվարի 1-ից նվազեցնել ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այգեհիմնման համար տրամադրվող փոխհատուցման չափերը․նախկինում 2 տոկոս էֆեկտիվ վարկային տոկոսադրույք ապահովելու փոխարեն, այժմ մի փոքր քիչ ենք սուբսիդավորելու և ապահովելու ենք 5 տոկոս էֆեկտիվ վարկային տոկոսադրույք։ Բացի այդ, այսօր ներդնում ենք տնկիների սերտիֆիկացման համակարգ, չլինի, այնպես որ ֆերմերը գնի տնկի, յոթ տարի հետո պարզվի, որ այլ տեսակ է գնել, պետք է բերքը լինի կանխատեսելի: Ի վերջո, մեր նպատակն է, որ ֆերմերը միշտ հաշվարկի իր ծախսերը:

-Շնորհակալություն, զրույցի համար։