Բաղրամյան համայնքի ղեկավարը 12․760 հա հողատարածքը վաճառել է 500 000 դրամով «Հետք

Բաղրամյան համայնքի ղեկավարը 12․760 հա հողատարածքը վաճառել է 500 000 դրամով «Հետք

Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը գյուղատնտեսական նշանակության 12․760 հեկտար հողամասը 2025թ․ փետրվարին տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառել է 500 000 դրամով, 1 հեկտար հողատարածքը՝ մոտ 40 000 դրամ։ Համայնքապետարանն անցած տարի «գյուղնշանակության այլ հողատեսք» կատերգորիայի մի քանի լոտ հող է վաճառել աճուրդով։ Համայնքի Արտամետ գյուղում գտնվող այս հողատարածքը չափով ամենամեծն է, բայց ամենացածր գնով վաճառվածը, գրում է «Հետքը»։

Գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունները մեծ հետաքրքրություն ունեն Բաղրամյան համայնքի գյուղնշանակության հողերի նկատմամբ։ 2025թ․–ին այս համայնքում մի քանի լոտ հողատարածք է գնել «Պերֆեկտ Գարդեն» ՍՊԸ-ն, որից երկուսը  գյուղնշանակության այլ հողատեսքի հողեր են։ Լոտերից մեկը՝ 2661 քմ հողատարածքը, գնել են 320 000 դրամով, մյուսը՝ 9727 քմ հողատարածքը՝ 710 000 դրամով։

Նույն տարում, նույն՝ գյուղնշանակության այլ հողատեսքի 12․760 հա հողատարածքը համայնքի ղեկավարը «Ագրո Յունիոն» ՓԲԸ-ին վաճառել է 500 000 դրամով։ Այսինքն՝ շատ ավելի ցածր գնով, քան «Պերֆեկտ Գարդեն» ՍՊԸ-ին վաճառված մոտ 1 հա հողատարածքի արժեքն է։ Բոլոր լոտերի աճուրդներին մեկ անձ է մասնակցել, այսինքն՝ «Պերֆեկտ Գարդեն» ՍՊԸ-ի գնած հողամասերի արժեքը սակարկության արդյունքում չի բարձացել։ Մնում է մտածել, որ երբ աճուրդների ժամանակ մրցակցություն չկա,  վաճառված հողերի արժեքը որոշվում է համայնքի ղեկավարի հետ պայմանավորվածության արդյունքում։

«Ագրո Յունիոն» ՓԲԸ-ն, ինչպես ներկայացրել են իրենց պատմությունը ընկերության կայքում, ընկույզի այգիներ է հիմնել Բաղրամյան համայնքի Տալվորիկ գյուղում։ «300 հեկտար մշակովի այգիներով մենք ոչ միայն ծառեր ենք աճեցնում, այլև ժառանգություն ենք ստեղծում ․․․: Մեր նպատակները չեն սահմանափակվում ընկույզի այգիներով: Agro Union-ը ընդլայնվում է գյուղատնտեսական բազմազան ուղղություններով՝ հողի բարելավումից մինչև էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական տեխնոլոգիաներ՝ ապահովելով, որ մեր յուրաքանչյուր քայլը նպաստի ավելի ուժեղ, ավելի կանաչ գյուղատնտեսական ապագայի․․․»,– հայտնում են ընկերության հիմնադիրները:

2023թ․ հունիսին հիմնված «Ագրո Յունիոն» փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ) բաժնետերերն են՝ Երևան քաղաքի բնակիչներ Սուրեն Զոհրաբյանը՝ 80% բաժնեմասով և դարձյալ 2023թ․ մայիսին հիմնված «2ԲԻ ԻՆՎԵՍԹ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն։ Այս ընկերության 50%-ի բաժնետերերից մեկը Սուրեն Զոհրաբյանի քույրն է՝ Լորինե-Նատալի Զոհրաբյանը, որը ներկայանում է Միացյալ թագավորության քաղաքացի, իսկ մյուս 50% բաժնեմասի տերը՝ Իտալիայի քաղաքացի Սաբրինա Ֆիջինին։ Ընկերությունը «ձեռնարկատիրական և կառավարման այլ հարցերով խորհրդատվական գործունեություն» է իրականացնում Հայաստանում։

ՓԲԸ-ի բաժնետերերը՝ քույր և եղբայր Զոհրաբյանները, Հայաստանում տարբեր բիզնես գործունեություն են ծավալում, 2023թ․-ից որոշել են նաև գյուղատնտեսությամբ զբաղվել։ «2023թ․ հունիսին արմատավորվեց մի տեսլական՝ հիմնված աճի, նորարարության և կայունության վրա: «Ագրո Յունիոն» ՓԲԸ-ն, որը Nutsacademy ապրանքանիշի հետևում կանգնած ընկերությունն է, հիմնադրվել է Հայաստանում գյուղատնտեսության ընդհանուր ապագան ձևավորելու մղումով: Մեր ճամփորդությունն սկսվել է Արմավիրի մարզի բերրի հողերում, որտեղ մենք տեսանք հնարավորություն՝ ժամանակակից, կայուն մեթոդների միջոցով երկրի գյուղատնտեսական լանդշաֆտում հեղափոխական փոփոխություններ բերելու համար»,- գրում են նրանք։

«Ագրո Յունիոն» ՓԲԸ-ն Տալվորիկ գյուղում 18,8229 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք ունի, որի սեփականությունը գրանցվել է 2023թ․-ի օգոստոսին։ Այդ հողամասից 6 հա  գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել են ջրային հողերի նշանակության և այգին ոռոգելու համար 96 000 խմ ծավալով ջրավազան ու պոմպակայան են կառուցել։

2025թ․ դեկտեմբերին Բաղրամյան համայնքի ավագանին համաձայնություն է տվել «Ագրո Յունիոն» ՓԲԸ-ին 11,5536 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողից մոտ 7000 քմ-ի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերության օբյեկտների հողերի՝ 4մx12մ չափերի արտադրամաս՝ մամլիչ հոսանքագիծ տեղադրելու համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում