Սահմանվել են սիգի արդյունագործական ձկնորսության աշնանային որսաշրջանի համար նախատեսված ձկնապաշարի քանակը և ժամկետը
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված որոշման նախագիծը, որով նախատեսվում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացնել ևս 300 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև ս․թ․ նոյեմբերի 20-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս: Այս մասին ejc.am-ին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարությունից։
Որոշման նախագծի համար հիմք են հանդիսացել ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Սևանա լճում ձկան պաշարների գնահատման համար իրականացված լրացուցիչ ուսումնասիրությունները։
Հիշեցնենք, որ 2022 թվականի համար մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 000 կգ (300 տոննա) սիգի չափաքանակ, փաստացի կնքվել է 567 պայմանագիր՝ 295 798 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար:
Տեղեկացնենք նաև, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նոր կարգավորումներով արդյունագործական նպատակով օգտագործման իրավունքը վերապահված է միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց։
Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնապաշարի ավելացումը համալիր իրականացված մի շարք միջոցառումների արդյունք է։
Ամբողջ տարվա ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության մարզային բաժինների համակցված աշխատանքի արդյունքում խիստ վերահսկողություն է իրականացվել մանրաձկան որսի նկատմամբ։
Ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների հետ պարբերաբար հանդիպում- քննարկումներ են կազմակերպվել՝ ձկնապաշարի վերականգնման շուրջ ջանքերի միավորման նպատակով։