«Գազպրոմ»-ը դադարեցնում է մատակարարումները «Հյուսիսային հոսք»-ով

Օգոստոսի 31-ին «Գազպրոմ»-ն ամբողջությամբ դադարեցրել է գազի մղումը «Հյուսիսային հոսք»-ով՝ «Պորտովայա» կոմպրեսորային կայանի (ԿԿ) գազամղիչ ագրեգատում պլանային աշխատանքների պատճառով, հաղորդում է ռուսական ընկերության մամուլի ծառայությունը։
«Հյուսիսային հոսքի միջոցով մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել է, այսօր մեկնարկում են պլանային կանխարգելիչ աշխատանքները գազամղիչ ագրեգատի վրա»,- ասվում է «Գազպրոմ»-ի պաշտոնական տելեգրամյան ալիքում։
Ընկերության պաշտոնական ներկայացուցիչները հավելել են, որ գազի մղումը դադարեցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ին եւ կվերսկսվի սեպտեմբերի 3-ին:
«Հյուսիսային հոսք»-ի դադարեցման մասին ավելի վաղ հայտնել էին Nord Stream AG գազատարի օպերատորը եւ գերմանական գազահաղորդման համակարգերի օպերատորները:
Աղբյուրը՝ news.am