Գյումրիում այս տարի իրականացվում են 6 սուբվենցիոն ծրագրեր

Գյումրիում այս տարի իրականացվում են 6 սուբվենցիոն ծրագրեր

«Գյումրի համայնքի սոցիալական բնակարանների և մշակութային կենտրոնների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի և տանիքի վերանորոգման աշխատանքները, որի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 71 մլն 741 հազար դրամ՝ 45 տոկոս պետության մասնակցությամբ։

Սուբվենցիոն ծրագրով կնորոգվի նաև «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» փայտե պատշգամբը։ Մարզպետին ներկայացվել է, որ աշխատանքները դեռ չեն մեկնարկել, նախատեսվում է նախահաշվային ընդհանուր արժեքով 14 մլն 72 հազար դրամի աշխատանքների իրականացում։

Սուբվենցիոն ծրագրով Գյումրիում հիմնանորոգվում է 22 փողոց։

«Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի հաստատված արժեքը 2 մլրդ 181 մլն դրամ է, մրցույթի արդյունքում ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 998 մլն 646 հազար դրամ, որից կառավարության մասնաբաժինը կազմում է 45 տոկոս։ Շինաշխատանքներն իրականացվում են 5 ընկերությունների կողմից։ 

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ քաղաքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը մարզային իշխանությունների հսկողության տակ է: Կատարվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով մարզպետն անձամբ է լինում տարածքներում: 

«Նշեմ, որ 2022-ին Գյումրիում կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում կիրականացվեն 6 սուբվենցիոն ծրագրեր՝ 53 ենթածրագրերով։  3 մլրդ 394 մլն, որից 1 մլրդ 594 մլն-ը հատկացնում է կառավարությունը։ Մարզային իշխանությունը հետևողական է բոլոր ծրագրերի ընթացքին»:      

Աղբյուրը՝   armenpress.am