Դպրոցներ են կառուցվում Հայրավանքում և Ճամբարակում

Դպրոցներ են կառուցվում Հայրավանքում և Ճամբարակում

ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ կառուցվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցը։  Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը 1 միլիարդ 276 միլիոն դրամ է։

Դպրոցական նոր շենքը կառուցվում է հին շենքի տեղում՝ 450 աշակերտական տեղով։ Կառուցմանը նախորդել են դպրոցական հին շենքի քանդման ու շինաղբի հեռացման աշխատանքները։ Նորակառույց դպրոցը կունենա յոթ մասնաշենք և արդի չափորոշիչներին համապատասխան պայմաններ։ Ձեռք կբերվի նոր գույք։

Շինաշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2026 թվականի նոյեմբերի 30-ին, իրականացվել են 55 տոկոսով։  

Ընթանում են Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հայրավանք գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 296 միլիոն 600 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսված է հատակի, տանիքի, միջանցքների ու դասասենյակների, սանհանգույցների, ջրամատակարարման ու էներգամատակարարման համակարգերի  վերանորոգում, նոր դռների ու լուսամուտների տեղադրում, բակային տարածքի ասֆալտապատում և բարեկարգում, ֆուտբոլի դաշտի վերանորոգում, այլ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել սեպտեմբերին, արդեն իրականացվել են շուրջ 85 տոկոսով։