«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը կաջակցի սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման ծրագրին

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը  կաջակցի սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման ծրագրին

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը  պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագրի իրականացման համար։

Ինչպես տեղեկացրեց  «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ, հանրության հետ կապերի պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը,  համապատասխան համաձայնագիրը ստորագրել են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը եւ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Պայմանագրի համաձայն՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը պարտավորվում է երեք տարվա ընթացքում ֆինանսական աջակցություն ցուցաբերել Վարդենիսի շրջանի 5 սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման ծրագրին՝ ընդհանուր 150 միլիոն  դրամի չափով։ Ծրագիրն ուղղված է հինգ գյուղերի խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման համակարգի ապահովմանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 700 միլիոն դրամ է, որից 150 միլիոնը կտրամադրի «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը, 180 միլիոնը՝ Վարդենիս համայնքը։ Մնացածը սուբսիդավորում է պետությունը։

«Ընկերության մասնակցությունը սուբվենցիոն ծրագրերին ապահովում է արդյունավետ փոխգործակցություն պետության, տեղական համայնքների եւ բիզնեսի միջեւ: Մեր փորձը ցույց է տալիս, որ նման համագործակցությունը թույլ է տալիս առավել արդյունավետ լուծել ենթակառուցվածքային բնույթի սոցիալական խնդիրները մեր ներկայության մարզերում, քանի որ գործընթացում ներգրավված են բոլոր շահագրգիռ կողմերը։

Սա արդեն չորրորդ ծրագիրն է, որին մասնակցում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդը», եւ ես համոզված եմ, որ դրա իրականացումը կբարելավի մարզի սահմանամերձ գյուղերի սոցիալական ու կենցաղային պայմանները»,-նշել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության տնօրեն Անատոլի Գոգոտինը։

 «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ի մասնակցությունը մեր մարզում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին թույլ է տալիս լուծել ավելի մեծ խնդիրներ։ Այս առումով «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը մեր հիմնական գործընկերն ու լավ ընկերն է՝ 15 տարի շարունակ մասնակցելով մեր համայնքի բնակչության կյանքի որակի բարելավման ծրագրերին: Ընկերության սոցիալական, մշակութային, կրթական եւ առողջապահական  ծրագրերը թույլ են տալիս՝ ապահովել մեր համայնքների բարեկեցությունը»,-նշել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

«Ընկերության մասնակցությունը նախորդ սուբվենցիոն ծրագրերին գնահատվում է 140 միլիոն դրամով։ Առաջին երկուսը կրկին իրականացվել են ՀՀ Գեղարքունիքի մարզում։ Մասնավորապես, սա Վարդենիս քաղաքի մի շարք գյուղերի գազիֆիկացման, ջրամատակարարման համակարգի զարգացման, գյուղական փողոցների լուսավորության, փողոցների վերակառուցման ու բարեկարգման ծրագիր է։ Երրորդ ծրագիրը Արարատ քաղաքի մշակույթի տան շենքի վերակառուցումն ու հարակից հրապարակի բարեկարգումն է։

Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման ընթացիկ ծրագիրը չորրորդ սուբվենցիոն ծրագիրն է, որին տեղական ինքնակառավարման մարմինների եւ Հայաստանի կառավարության հետ միասին մասնակցում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը։

Ընկերությունը կատարում է նաեւ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկային եւ սոցիալական պարտավորությունները»,-ներկայացրեց Ռուզաննա Գրիգորյանը:

Աղբյուրը՝   armenpress.am