Փոփոխվել է սպայական կազմի՝ պետական աջակցությամբ հիփոթեքային ծրագիրը. ի՞նչ է լինում վարկը չմարելու դեպքում

Փոփոխվել է սպայական կազմի՝ պետական աջակցությամբ հիփոթեքային ծրագիրը. ի՞նչ է լինում վարկը չմարելու դեպքում

ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 124-Ն որոշմամբ սահմանված են ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների՝ պետական աջակցությամբ բնակարան կամ բնակելի տուն գնելու նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և դրա պայմանները։ Սակայն շատերը չգիտեն, որ ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի N 750-Ն որոշմամբ այդ որոշման հավելվածում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի N 750-Ն որոշմամբ ճշգրտվել են ծրագրի շրջանակում ձեռք բերվող գույքի գրավադրման և վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում պետությանը պահանջի իրավունքների փոխանցման կարգավորումները։

Ո՞ւմ է վերաբերում ծրագիրը

Ծրագիրը վերաբերում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին, որոնք պետական աջակցությամբ ձեռք են բերում բնակարան, բնակելի տուն կամ կառուցվող շենքից բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունք։

Ի՞նչ է փոխվում

N 124-Ն որոշման հավելվածի 4-րդ կետից հանվել է չորրորդ նախադասությունը։ Միաժամանակ 7-րդ կետը լրացվել է նոր նախադասությամբ, համաձայն որի՝ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքը գրավադրվում է համագործակցող կազմակերպությունում։

Վարկը չմարելու դեպքում՝ պահանջի փոխանցում պետությանը

Հավելվածի 11-րդ կետը լրացվել է նոր՝ 8-րդ ենթակետով, որով սահմանվում է, որ նույն կետի 7-րդ ենթակետով նախատեսված՝ ծրագրի դադարման որևէ պայմանի ծագման դեպքում համագործակցող կազմակերպությունն իրավասու է վարկառուի հանդեպ վարկային պայմանագրից բխող իր պահանջի իրավունքները և գրավի առարկայի նկատմամբ իրավունքները զիջել պետությանը՝ վարկի մայր գումարի մնացորդի, տվյալ պահին կուտակված տոկոսագումարների, ինչպես նաև այլ վճարների հանրագումարի հատուցման դիմաց։ Այս հնարավորությունը կիրառվում է, եթե վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկառուն 90 օր կամ ավելի ժամկետով չի կատարում համագործակցող կազմակերպության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները, կամ եթե համագործակցող կազմակերպությունն իր ներքին իրավական ակտերի համաձայն գնահատում է, որ վարկառուն վճարունակ չէ կամ չի համապատասխանում սահմանված պահանջներին։ Համապատասխան պայմանի ծագման վերաբերյալ համագործակցող կազմակերպության հիմնավորված գրությունը ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է վարկային պայմանագրից բխող պահանջի իրավունքների և գրավի առարկայի նկատմամբ իրավունքների փոխանցման գործընթացը։

Ուժի մեջ մտնելը

Որոշումն ընդունվել է 2026 թվականի մայիսի 27-ին (N 750-Ն) և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Ի՞նչ է նշանակում

Ամփոփելով՝ պետք է նշել, որ ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի N 750-Ն որոշմամբ սպայական կազմի՝ պետական աջակցությամբ հիփոթեքային ծրագրում հստակեցվել է, որ ձեռք բերվող բնակելի գույքը գրավադրվում է համագործակցող կազմակերպությունում, և սահմանվել է մեխանիզմ, ըստ որի՝ վարկառուի կողմից 90 և ավելի օր պարտավորությունները չկատարելու կամ անվճարունակ գնահատվելու դեպքում համագործակցող կազմակերպությունը կարող է վարկից բխող պահանջի և գրավի իրավունքները հատուցման դիմաց փոխանցել պետությանը՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում։ Այսպիսով՝ ճշգրտվել են ծրագրի դադարման դեպքում կողմերի իրավունքների փոխանցման պայմանները, – տեղեկացնում է Iravaban.net-ը։