ՀՀ–ից պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի

ՀՀ–ից պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի
ՀՀ տարածքից 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողներին փոխհատուցում կտրամադրվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ չափերով՝
1) ելակի յուրաքանչյուր 1 կգ համար՝ 770 դրամ,
2) լոլիկի յուրաքանչյուր 1 կգ համար՝ 275 դրամ,
3) պղպեղի յուրաքանչյուր 1 կգ համար՝ 400 դրամ,
4) ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 դրամ։
«Այս որոշմամբ որոշակիորեն կմեղմվեն ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները, հնարավորություն կտրվի դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Կառավարության մեկ այլ որոշմամբ կխթանվի հայ արտադրողների կողմից ՀՀ ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով։
«Պետական աջակցությունը նախատեսվում է այն տնտեսվարողներին, որոնք արտահանում են Հայաստանի ծագում ունեցող ապրանքներ՝ փոխհատուցելով ներմուծող երկրում գանձված մաքսատուրքի արժեքը»,– ասված է այս որոշման մեջ։
Ի դեպ, փոխհատուցելի ապրանքների շարքին կավելացվի նաև «մշակաբույսերի աճեցում» տնտեսական գործունեության տեսակի արտադրանքը։