Իրանի պատերազմի պատճառով պարենամթերքի համաշխարհային գները ռեկորդային մակարդակի վրա են

Իրանի պատերազմի պատճառով պարենամթերքի համաշխարհային գները ռեկորդային մակարդակի վրա են

Պարենամթերքի համաշխարհային գները պահպանվում են ավելի քան երեք տարվա ամենաբարձր մակարդակի մոտ, քանի որ արմավենու և սոյայի յուղերի գների նվազումը մասամբ փոխհատուցել է Իրանի հետ պատերազմի հետևանքով առանցքային գյուղատնտեսական ռեսուրսների մատակարարման խափանումները, գրում է Bloomberg-ը։

ՄԱԿ-ի պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսը մայիսին նվազել է 0,2%-ով, քանի որ հացահատիկի և շաքարի գների աճը հավասարակշռվել է բուսական յուղերի և կաթնամթերքի գների անկմամբ, հայտնել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)։

Իրանի հետ պատերազմը խափանել է Հորմուզի նեղուցով վառելիքի և պարարտանյութերի մատակարարումները՝ հանգեցնելով գյուղատնտեսության համար առանցքային ռեսուրսների գների կտրուկ աճի։ Դրա հետևանքով բարձրացել է եգիպտացորենի, բրնձի և այլ պարենային մշակաբույսերի արտադրության ինքնարժեքը, իսկ աշխարհի մի շարք առաջատար արտադրողներ արդեն նախազգուշացրել են բերքատվության և արտադրության ծավալների նվազման մասին։

FAO-ն ակնկալում է, որ 2026–2027 թվականներին հացահատիկի համաշխարհային արտադրությունը կնվազի 2%-ով։ Սա կլինի վերջին յոթ տարվա առաջին անկումը՝ այն բանից հետո, երբ 2025 թվականին բազմաթիվ մշակաբույսերի արտադրությունը հասել էր ռեկորդային մակարդակների։

Անցած ամիս FAO-ն նախազգուշացրել էր, որ Հորմուզի նեղուցի փակումը «համակարգային ագրոպարենային ցնցման» սկիզբն է, որը առաջիկա 6–12 ամիսների ընթացքում կարող է հանգեցնել պարենամթերքի գների խոշոր ճգնաժամի։

«Նման ճգնաժամերի հետևանքները սովորաբար աստիճանաբար են դրսևորվում,— ասել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի պրոֆեսոր և պարենային անվտանգության փորձագետ Թիմ Բենթոնը։— Պարարտանյութերի ներկայիս բարձր գները կանդրադառնան ապագա բերքի և մատակարարումների վրա։ Լոգիստիկ ուշացումները և աճող ծախսերը խանութներում գների վրա կարտացոլվեն տարվա վերջին»։

Մայիսին հացահատիկի գներն աճել են 2,6%-ով, իսկ ցորենը թանկացել է խոշորագույն արտահանող երկրներում ավելի փոքր բերքի ակնկալիքների ֆոնին։ Միևնույն ժամանակ բուսական յուղերի գները տարվա սկզբից ի վեր առաջին անգամ ամսական անկում են գրանցել՝ նվազելով 4,6%-ով։

ԱՄՆ-ում, որտեղ ապրիլին պարենամթերքի գները գրանցել էին գրեթե չորս տարվա ամենաբարձր աճը, տնտեսագետներն ակնկալում են, որ պատերազմը գնային ճնշումները կուժեղացնի մինչև 2027 թվականը։ Պարենամթերքի թանկացումը կազդի նաև Եվրոպայի և Մեծ Բրիտանիայի վրա։