Միրզոյանը՝ Թուրքիայի հետ առևտրի և ՀՀ-ից ԵՄ երկրներ ապրանքներ արտահանելու մասին
Ընդհանուր քաղաքական ըմբռնում կա Հայաստանի և ԵՄ-ի միջև, ընդհանուր քաղաքական պայմանավորվածություն և համաձայնություն կան, մենք մտնում ենք տեխնիկական ձևակերպումների փուլ: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե ինչ մեխանիզմով են ՀՀ-ում արտադրված գյուղատնտեսական ապրանքները մուտք գործելու ԵՄ երկրներ, և արդյոք սա քաղաքական որոշման արդյունք է:
Միրզոյանը հաստատեց՝ քաղաքական որոշում է, ապա հավելեց. «Օրերի և առաջիկա շաբաթների ընթացքում, բայց նաև երկարաժամկետ, դուք և մեր գործարարները, նաև հայաստանյան ամբողջ հանրությունը կտեղեկացվեք շատ կոնկրետ այս դեպքի կամ կոնկրետ ապրանքի մասին, բայց քաղաքական համաձայնությունը և ճանապարհը կան»:
Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց՝ լոգիստիկ առումով ինչպե՞ս են ապրանքները հասնում ԵՄ երկրներ, Արարատ Միրզոյանը պատասխանեց՝ ԵՄ կարող են գնալ օդանավով, Վրաստանի տարածքով, նաև Թուրքիայի տարածքով, նաև այլ տարբերակներ էլ կան, պակաս ռացիոնալ, ասենք՝ հասնեն Ծոց:
Միրզոյանը նաև անդրադարձավ հունիսի 2-ին Կարսում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի և Թուրքիայի գործարարների միջև, որը կազմակերպվել էր Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների, առևտրի պալատների մասնակցությամբ և կողմից:
«Այս հանդիպումն էականորեն տարբերվում էր նախորդիվ երբևէ եղած գործարար շփումներից, որովհետև շատ հագեցած էր օրակարգով, շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել, օրինակ՝ Թուրքիայի արևելյան, հյուսիսարևելյան 3 նահանգների գործարար շրջանակների կողմից, շատ էական, մեծ հետաքրքրություն: Կարծում եմ, որ սա շատ լավ ստարտ է այս առումով:
Ակնկալում եմ, որ առաջիկայում ռացիոնալ ժամկետներում մենք կունենանք երկրորդ հանդիպումը ՀՀ տարածքում: Տեղյակ եմ, որ կոնկրետ խոսակցություններ են սկսված գործարար շրջանակների, առանձին ընկերությունների կողմից և միջև: Ուրախ կլինեմ, վստահ եմ, որ կտեսնենք այդ խոսակցության շարունակությունը, նյութականացումը և շոշափելի պտուղները:
Մի գործընթաց է սկսված, որը կհամարձակվեմ վստահություն հայտնել, մեծ հաշվով չի կանգնելու և բերելու է ոչ միայն տնտեսական լավ արդյունքներ, այլև իր հետևից բերելու է քաղաքական լավ արդյունքներ»,- ասաց նա: