Վարորդական իրավունքից զրկվածների հարցը ԱԺ–ում կքննարվի հունիսի 12–ին

Վարորդական իրավունքից զրկվածների հարցը ԱԺ–ում կքննարվի հունիսի 12–ին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում հունիսի 12–ին քննարկվելու է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է վարորդական իրավունքից զրկվածների համար կարգավորումների փոփոխությանը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովից։

Նախագիծը կներկայացնի անձամբ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նշենք, որ ներկայումս վարորդական իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո բոլոր քաղաքացիները, անկախ նրանից՝ առաջին անգամ են զրկվել իրավունքից, թե ոչ, պարտավոր են կրկին հանձնել որակավորման քննություններ։

Այժմ առաջարկվում է ներդնել նոր համակարգ, որի համաձայն՝ վարորդական իրավունքից առաջին անգամ զրկված անձը կկարողանա այն վերականգնել առանց քննություն հանձնելու, եթե զրկման ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում դիմի համապատասխան մարմնին։

Սակայն նման վերականգնումը կլինի որոշակի պայմաններով։ Մասնավորապես՝

-վարորդական իրավունքը մեկ անգամ կվերականգնվի առանց քննության, քաղաքացին կվճարի 50 հազար դրամ պետական տուրք, նրա համար կսահմանվի մեկ տարվա փորձաշրջան, գործող 13 տուգանային միավորի փոխարեն նրան կտրամադրվի ընդամենը 6 միավոր։

Եթե փորձաշրջանի ընթացքում վարորդը սպառի իրեն հատկացված 6 տուգանային միավորը, ապա կրկին կզրկվի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով։

Նախագծով նախատեսվում է, որ վարորդական իրավունքից երկրորդ կամ հաջորդ անգամ զրկված անձինք նախկինի պես իրավունքները կկարողանան վերականգնել միայն որակավորման քննություններ հանձնելուց հետո։

Միաժամանակ առաջարկվում է անցումային դրույթ, որի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները ևս հնարավորություն կունենան օգտվել նոր կարգավորումից։ Այսինքն կկարողանան առանց քննության վերականգնել իրենց վարորդական իրավունքները՝ վճարելով սահմանված պետական տուրքը և մեկ տարվա ընթացքում գտնվելով 6 տուգանային միավորով փորձաշրջանում։

Այս կարգավորումը չի վերաբերում դատարանների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կիրառված զրկումներին, ինչպես նաև առողջական կամ այլ իրավական հիմքերով վարելու իրավունքի դադարեցման դեպքերին։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վարորդական իրավունքից զրկվածներին խոստացել էր այդ հարցը լուծել: