Սահմանազատումից հետո հնարավորություն կունենանք ավելի խոր ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները. ՇՄ նախարար

Սահմանազատումից հետո հնարավորություն կունենանք ավելի խոր ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները. ՇՄ նախարար

2021 թվականին Շիկահողի արգելոցում և առհասարակ սահմանամերձ հատվածներում մենք ունեցել ենք էկոհամակարգի խաթարում և էկոհամակարգի վնաս: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:

«Այս պահին մեզ համար վնասները չափելի չեն: Բնապահպանական խնդիրները շատ կարևոր են մեզ համար, կառավարության առաջնահերթություններից են, և ինձ համար՝ որպես ՇՄ նախարարի, առաջնային խնդիրներից է: Բայց խնդրում եմ հաշվի առնել, որ մենք ունենք մեկ շատ ավելի օրակարգային հարց, դա խաղաղության օրակարգն է, և մենք գնում ենք խաղաղության մեր հարևանների հետ:

Կարծում եմ, որ մենք սահմանազատման աշխատանքներն իրականացնելուց հետո հնարավորություն կունենանք ավելի խոր ուսումնասիրություն անել կոնկրետ սահմանամերձ հատվածի վնասների հետ կապված: Ես նախորդ անգամ էլ ասացի, օրինակ, կարող ենք առաջարկությամբ հանդես գալ մեր հարևանների հետ բնապահպանական և էկոհամակարգերի վերականգնման ծրագրերով անդրսահմանային հատվածներում:

Հարցին՝ իսկ Շիկահողի այլ հատվածներում հնարավոր լինո՞ւմ է սրսկման, սպասարկման աշխատանքներ իրականացնել, նախարարը պատասխանեց՝ կարողանում են, քանի որ խնդիրն անդրսահմանային հատվածներին է վերաբերում: