Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2025 թ. բյուջեի կատարողական

Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2025 թ. բյուջեի կատարողական

2025 թվականին պետական բյուջեից ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել է 343,8 մլրդ դրամ՝ 21 ծրագրի շրջանակում իրականացվող 135 միջոցառման համար: Այդ գումարից 318,1 մլրդ դրամն ուղղվել է ծախսային ծրագրերին, իսկ 25 մլրդ դրամը ներառվել է դեֆիցիտի ֆինանսավորման ծրագրերում: Արդյունքում՝ նախարարության ծախսային ծրագրերի կատարողականը ճշգրտված բյուջեի համեմատ կազմել է 92,3 տոկոս, իսկ տարեսկզբին հաստատված բյուջեի համեմատ՝ 101,8 տոկոս:

Հաշվետու տարում նախարարությունը փաստացի ծախսել է 27,3 մլրդ դրամով կամ 9,4 տոկոսային կետով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (2024 թվականին):

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2025 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները: Հունիսի 12-ի նիստում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության ոլորտային հատկացումներն ու ծրագրերը:

Տրանսպորտի եւ ճանապարհաշինության ոլորտում փաստացի ծախսվել է 102,7 մլրդ դրամ, ինչը կազմում է նախարարության ընդհանուր ծախսերի 32,3 տոկոսը. այդ գումարի շրջանակում իրականացվել է 3 ծրագիր՝ 25 միջոցառմամբ: Ծախսերի ամենամեծ մասնաբաժինն ուղղվել է տարածքային կառավարման ոլորտին՝ կազմելով 155,7 մլրդ դրամ կամ ընդհանուրի 48,9 տոկոսը: Էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտում ծախսվել է 31,6 մլրդ դրամ, որը կազմում է ընդհանուր ծախսերի 10 տոկոսը, իսկ ջրային տնտեսության ոլորտին հատկացվել է 28,1 մլրդ դրամ՝ 6 ծրագիր ու 42 միջոցառում իրականացնելու համար:

Դավիթ Խուդաթյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով հավելյալ տեղեկատվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ճանապարհաշինության ոլորտին, ջրամբարների ներկա վիճակին: