Ճգնաժամ և բոյկոտ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում. հայտարարություն

Ճգնաժամ և բոյկոտ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում. հայտարարություն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որտեղ հայտարարել է բոյկոտի մասին։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ճգնաժամ և բոյկոտ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում։

Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ուսանողներ և ԶԼՄ ներկայացուցիչներ,

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում, ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ։ Վերադասի կամայական ու անհիմն որոշումների պատճառով վտանգված է բուհի բնականոն աշխատանքը։

Ի՞նչ է տեղի ունեցել.

ՀՊՏՀ ռեկտորը դրժել է իր իսկ տրված խոստումը: Մինչև նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի լրանալը եղել է հավաստիացում՝ նրան ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակելու վերաբերյալ։ Սակայն նշանակման օրը, առանց որևէ հիմնավորման, որոշումը միակողմանիորեն փոխվել է, և պարտականությունները դրվել են այլ անձի վրա:

Որոշման արդյունքում կաթվածահար է եղել ամենօրյա ռեժիմով զարգացման օրակարգ ձևավորող և իրագործող մասնաճյուղի մենեջմենթը՝ կառույցը վերածելով ընթացիկ պրոցեսներ սպասարկող հաստատության։ Ստեղծված անորոշությունը լուրջ դժգոհություն է առաջացրել աշխատակազմի և ուսանողության շրջանում։

Արտահայտելով մեր միասնական և սկզբունքային դիրքորոշումը՝ մենք ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ ԲՈՅԿՈՏ և դադարեցնում մեր աշխատանքային պարտականությունների կատարումը:

Մենք ունենք հստակ խնդրանք և պահանջ․

Հանդիպում ՀՀ Վարչապետի հետ. ակնկալում ենք ընդունելություն՝ ստեղծված խնդիրն անձամբ պետական բարձրագույն մակարդակով ներկայացնելու համար։

Արդարության վերականգնում. մինչև նոր տնօրենի մրցույթի անցկացումը՝ ԺՊ նշանակել Կ. Պետրոսյանին՝ ապահովելով բուհի բնականոն աշխատանքը:

Աշխատակազմը պատրաստ է վերադառնալ իր աշխատանքին պարտականությունների կատարմանը ՄԻԱՅՆ այս երկու պայմաններից մեկի բավարարման դեպքում։

Խնդրում ենք տարածել (Share) այս գրառումը՝ մեր ձայնը լսելի դարձնելու և բուհում արդարությունը վերականգնելու համար: Մեր ուժը մեր միասնության մեջ է։

Հ․Գ․ ԶԼՄ-ներին հրավիրում ենք ժամը 14։00-ին կայանալիք մամուլի ասուլիսին, վայր՝ Վազգեն Սարգսյան 32, (Innovation Hub լսարանում)։