ՀԲ. Ապրիլին զուտ ոչ առևտրային փոխանցումներն աճել են

ՀԲ. Ապրիլին զուտ ոչ առևտրային փոխանցումներն աճել են

Ապրիլին զուտ ոչ առևտրային փոխանցումները շարունակեցին ավելանալ 16 տոկոսով (տ/տ)`  2025 թ. ցածր բազայից: ՀԲ «Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները» վերջին զեկույցի համաձայն,  զուտ ներհոսքերը շարունակեցին գալ Ռուսաստանից (31.8 տոկոս աճ, տ/տ) և այլ երկրներից (46.1 տոկոս աճ, տ/տ), մինչդեռ ԱՄՆ-ից զուտ ներհոսքերը նվազեցին 11.2 տոկոսով (տ/տ):

Դրամը շարունակեց արժևորվել ԱՄՆ դոլարի նկատմամբ: Մայիսին ՀՀ դրամը 1.5  տոկոսով  (ա/ա) արժևորվեց  ԱՄՆ դոլարի նկատմամբ  և 1.7 տոկոսով (ա/ա)` եվրոյի նկատմամբ: Անցած տարվա մայիս ամսվա համեմատ ՀՀ դրամը շարունակել է ուժեղանալ ԱՄՆ դոլարի նկատմամբ` արժևորվելով 4.7 տոկոսով (տ/տ), թեև 5.4 տոկոսով (ա/ա/) արժեզրկվել է ռուբլու նկատմամբ: Համախառն պահուստներն ավելացան` մայիսին հասնելով 5.9 միլիարդ ԱՄՆ դոլարի, որը երբևէ եղած առավելագույն ցուցանիշն է, ապահովելով 4.4  ամսվա ներմուծման ծածկույթ:

Ապրիլին պահպանվել է ֆինանսական համակարգի ցուցանիշների կայունությունը: Կապիտալի համարժեքության գործակիցը բարձրացավ` հասնելով 21 տոկոսի, իսկ չաշխատող վարկերի ցուցանիշը կայունացավ 1.3 տոկոսի մակարդակում:

 Առևտրային բանկերում ավանդների ցուցանիշն ավելացել է 0.9 տոկոսով (ա/ա), մինչդեռ  վարկերի ցուցանիշն ավելացել է 1.5 տոկոսով (ա/ա), ինչի արդյունքում վարկ-ավանդ գործակիցը կազմել է  1.08, որը պահանջում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հետևողական մոնիթորինգ և մակրոպրուդենցիալ գործիքակազմի կիրառում` վարկավորման շարունակական ավելացումից բխող ռիսկերը մեղմացնելու նպատակով: