Հուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ

Հուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ
Հուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ։ Ըստ այդմ՝ 
  •  Առնվազն 2 տարվա երաշխիքային ժամկետ նոր, 1 տարվա՝ օգտագործված ապրանքների համար, 20 օր ժամկետ՝ վերանորոգման համար, ժամանակավոր օգտագործման ապրանքի տրամադրում և այլ երաշխիքներ։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել էր հանդիպում՝ տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումները, որոնք ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հուլիսի 1-ից և իրականացվել են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Հանդիպման մասնակցում էին Հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը, Թադևոս Ավետիսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, բիզնես համայնքի, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Այդ մասին հայտնում են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից։ 
Տիգրան Մարկոսյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ նմանատիպ հանդիպումները տնտեսավարողների հետ, նաև քաղաքականությունը մշակող մարմնի՝ էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ, արդեն ավանդական են դարձել․ «Նպատակը մեկն է՝ ավելի սահուն դարձնել և կազմակերպչական նախադրյալների վրա դնել օրենսդրական փոփոխությունները, որպեսզի Հանձնաժողովը գործ ունենա ոչ թե խախտումների, այլ սպառողների շահերը հարգող, բարեխիղճ գործելակերպի հետ»։
Լիլյա Սիրականյանն ընդգծել է, որ ոլորտի քաղաքականության մշակման աշխատանքները Հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ իրականացվել են դեռևս նախորդ տարվանից, որոնց մի մասը դեռևս անցյալ տարի է ընդունվել և արդեն ուժի մեջ է, իսկ այս տարվա ապրիլի 16-ին նոր փաթեթ ընդունվեց, որով առավել հստակեցվեցին և ընդլայնվեցին սպառողների իրավունքների պաշտպանության գործիքակազմն ու երաշխիքները՝ ԵՄ ստանդարտներին համապատասխան։
 Նոր կարգավորումներով մի շարք առանցքային փոփոխություններ են իրականացվել։ Մասնավորապես՝
  • Անդրադարձ է կատարվել ապրանքի համապատասխանության չափանիշներին և դրանք վերացնելու եղանակներին։
  • Նոր գնվող ապրանքների համար սահմանվել է առնվազն երկու, օգտագործվածների համար՝ առնվազն 1 տարվա երաշխիքային ժամկետ։ Ընդ որում՝ օգտագործված ապրանքների դեպքում վաճառողը պետք է հստակ ներկայացնի տվյալ ապրանքի բոլոր թերությունները։                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    Երաշխիքի ժամկետի ընթացքում անհամապատասխանություն հայտնաբերելու պահից երկու ամսվա ընթացքում սպառողը կարող է դիմել վաճառողին և պահանջել.
  •  անվճար վերանորոգում,
  •  նմանօրինակ ապրանքով փոխարինում,
  •  գնի համաչափ իջեցում,
  • պայմանագրի լուծում և գումարի վերադարձ։
 Վերանորոգման համար ընդհանուր առմամբ սահմանվում է 20 օր ժամկետ։ Անհնարինության դեպքում կարող է սահմանվել այլ ողջամիտ ժամկետ, որի վերաբերյալ սպառողին անհրաժեշտ է ներկայացնել հստակ և ամբողջական տեղեկատվություն։
•  Փոխարինումն իրականացվում է 7-օրյա ժամկետում, անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է սահմանվել 20 օր, ապրանքը պետք է լինի նոր, երաշխիքի ժամկետը հաշվարկվում է զրոյից։
•  Թե՛ փոխարինման և թե՛ վերանորոգման գործընթացն իրականացնելիս երկարաժամկետ օգտագործման ապրանքների դեպքում վաճառողը սպառողին պետք է տրամադրի ժամանակավոր օգտագործման ապրանք։
•  Առաջին տարվա ընթացքում ապրանքի համապատասխանության ապացուցման բեռը դրվում է վաճառողի, հաջորդող ժամանակահատվածում՝ սպառողի վրա։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքով համեմատություններ պարունակող և մոլորեցնող գովազդի թույլատրելիության չափանիշներին։
 Հանձնաժողովի ներկայացուցիչները հորդորել են տնտեսավարողներին նախատեսել բողոքների ընդունման ընթացակարգեր, ինչպես նաև տեղեկացրել են, որ կմշակվի ուղեցույց՝ նոր օրենսդրական կարգավորումների կիրարկմանն օժանդակելու համար։