Ավինայանը կարևորել է նախանշված ժամկետներում Կիևյան կամրջի վերանորոգումն ավարտելը

Ավինայանը  կարևորել է նախանշված ժամկետներում Կիևյան կամրջի վերանորոգումն ավարտելը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին՝ կարևորելով դրանք սահմանված ժամկետներում ավարտին հասցնելը։ 

Երևանի քաղաքապետարանի հունիսի 22-ի գործակարգավարական նիստում Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը քաղաքապետին զեկուցել է աշխատանքների ընթացքի մասին։ 

«Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել կամրջի հիմնանորոգում՝ ներառյալ երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգերի նորացում, ջրամեկուսացման աշխատանքներ, կամրջային թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում, ինչպես նաև անվտանգության և կազմակերպչական միջոցառումների իրականացում»,-ներկայացրել է Թևոսյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դրական է գնահատել կամրջի վերանորոգման աշխատանքների տեմպը։

«Որքան էլ այս աշխատանքները կարևոր են և առաջին հերթին միտված են անվտանգությանը, այնուամենայնիվ, այս աշխատանքները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում խցանումների հետ կապված, և մեր վերահսկողությունը ժամկետների և որակի հետ կապված պետք է շատ ինտենսիվ լինեն»,-ընդգծել է քաղաքապետը։

Հիշեցնենք, որ Կիևյան կամուրջը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը փակ կլինի երթևեկության համար՝ կամրջի հիմնանորոգման աշխատանքների պատճառով