Ozon առցանց ռիթեյլերը կմիավորի իր բանկերը

Ozon առցանց ռիթեյլերը կմիավորի իր բանկերը

Ռուսաստանյան Ozon առցանց ռիթեյլերը որոշել է վերակազմավորել իր բանկային դուստր ընկերությունները. Ozon բանկը, որը ձեռք էր բերվել 2021 թվականին, կմիավորվի զրոյից ստեղծված «Еком банк»-ին։

«Еком банк»-ը կդառնա Ozon բանկի բոլոր իրավունքների եւ պարտավորությունների իրավահաջորդը: Միավորվելու ակնկալվող ժամկետը 2022 թվականի դեկտեմբերն է, սակայն այն կարող է փոփոխվել վերակազմավորման ընթացակարգի իրականացման ժամանակ։

«Մենք որոշեցինք վերակազմավորել մեր բանկային ակտիվների կառուցվածքը. միավորված Ozon բանկը կունենա ունիվերսալ լիցենզիայի բոլոր առավելությունները («Еком банк»-ն ունի այն)՝ համակցված մարկետփլեյսի ճանաչելի բրենդի հետ»,- «Ինտերֆաքս»-ին մեկնաբանել են Ozon-ի մամուլի ծառայությունում:

Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը գործակալությանը պարզաբանել է, որ բանկային կարգավորման տեսանկյունից հնարավոր չէ պարզապես վերանվանել բանկը, ուստի վերակազմավորումը բրենդի օգտագործումը շարունակելու ամենատրամաբանական միջոցն է։

Ընկերությունը դարձել էր երկու վարկային հաստատությունների սեփականատեր այս տարվա գարնանը, երբ Ozon բանկը ներառվեց ԱՄՆ Ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում որպես այդ ցուցակի մեկ այլ մասնակից՝ «Սովկոմբանկ»-ի հետ կապված իրավաբանական անձ, որից ժամանակին ձեռք էր բերել բանկը:

Ozon-ը դիմել էր Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությանը (OFAC, ԱՄՆ ֆինանսների նախարարության ստորաբաժանում) վարկային հաստատությունը SDN List-ից հանելու համար, ինչի արդյունքում մարտի վերջին պատժամիջոցները չեղարկվեցին։ Իսկ մինչ ԱՄՆ գերատեսչությունը քննարկում էր բողոքարկումը, Ozon-ը հիմնել է իր նոր «դուստրը»՝ «Еком банк»-ը:

Պարզաբանելով խմբի կառուցվածքում միանգամից երկու բանկի հայտնվելու փաստը՝ ընկերությունը նշել էր, որ Ozon բանկը գործում է բազային լիցենզիայի հիման վրա, հետեւաբար ունի մի շարք սահմանափակումներ բարդ ֆինանսական պրոդուկտներ թողարկելու առումով։ ՌԴ Կենտրոնական բանկի կողմից ունիվերսալ լիցենզիա ստացած «Еком банк»-ի առկայությունը թույլ կտա B2C եւ B2B հաճախորդների համար ծառայությունների ավելի լայն շրջանակ գործարկել, այն ժամանակ հայտնել էին Ozon-ի մամուլի ծառայությունում:

Հունիսի 30-ի դրությամբ ավելի քան 5,7 միլիոն ակտիվ գնորդ օգտվել է Ozon.Account էլեկտրոնային դրամապանակից կամ Ozon.Card-ից՝ հարթակում գնումներ կատարելու համար:

Աղբյուրը՝   banks.am