Եվրոպական հանձնաժողովը, ԵՆԲ-ն և ՀՀ ՏԿԵՆ-ը ստորագրել են համատեղ մտադրությունների հուշագիր

Եվրոպական հանձնաժողովը, ԵՆԲ-ն և ՀՀ ՏԿԵՆ-ը ստորագրել են համատեղ մտադրությունների հուշագիր
Բրյուսելում «Կապակցվածության օրակարգի հարթակի» բարձր մակարդակի մեկնարկային միջոցառման շրջանակում Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստորագրեցին համատեղ մտադրությունների մասին հուշագիր, որով պաշտոնապես արձանագրվեց EPIC (Eastern Partnership Investment in Connectivity) նախաձեռնության շրջանակում խորհրդատվական աջակցության մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
«Նախաձեռնությունը նախատեսում է աջակցություն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին, որոնք կապելու են սահմանային անցակետերը Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցին։ Առաջին փուլում Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի խորհրդատվական աջակցություն՝ անհրաժեշտ ուսումնասիրությունների շրջանակը սահմանելու և նշված ճանապարհային նախագծերի իրագործելի լուծումները մշակելու նպատակով։
Նախագծերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում և նպատակ ունեն նպաստել տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, Հայաստանի՝ որպես հուսալի տրանսպորտային և լոգիստիկ հանգույցի դերակատարության ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպական միության Կապակցվածության օրակարգի առաջմղմանը։
Արձանագրությունը ստորագրել են Եվրոպական հանձնաժողովից Ադրիենն Կիրալին, Հայաստանից՝ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը և ՎԶԵԲ-ի ու ԵՆԲ-ի ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրությունում։