Շատ գյուղացիական տնտեսություններ խաղողի բերքի իրացման խնդրի առաջ են կանգնել

Շատ գյուղացիական տնտեսություններ խաղողի բերքի իրացման խնդրի առաջ են կանգնել

Խաղողի մթերման նախաշեմին շատ գյուղացիական տնտեսություններ բերքի իրացման խնդրի առաջ են կանգնել, քանի որ չունեն պայմանագրեր մթերող կազմակերպությունների հետ։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վերջերս ասել էր, որ խաղողի մթերման պայմանագրերի մեծ մասը արդեն կնքված են։

«Ավելի փոքր քանակի աճեցնողներ կան, որոնք դեռ պայմանագրեր չունեն, և մենք այժմ աշխատում ենք, որպեսզի մինչև մթերման սեզոնի մեկնարկը նրանց նույնպես ապահովենք մթերման պայմանագրերով»,- ասել էր նախարարը։

Սեպտեմբերի կեսից մթերման գործընթացը սովորաբար մեկնարկում է, Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ այս օրերին գյուղացիներից ահազանգեր է ստանում, որ պայմանագրեր չունեն և չգիտեն, թե որ կազմակերպությունների հետ կարող են կնքել դրանք։ «Խաղողի մթերման խնդիրները, ինչպես անցյալում, այսօր ևս կան։ Տասնյակ տարիներ այդ խնդիրներն առաջացել են և այսօր շարունակում են մնալ։

Շատ-շատ խաղողագործներ այսօր դեռևս պայմանագրեր չունեն և կանգնած են խնդրի առաջ։ Որքան էլ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե պայմանագրերի մեծ մասը կնքված է, բայց իրականությունը մի քիչ այլ է։ Տասնյակ խաղողագործներ ինձ զանգում ու հարցնում են՝ որտե՞ղ կարող ենք խաղողը հանձնել։ Ես չունեմ պատասխան, մարդիկ ովքեր չունեն պայմանագրեր, անելանելի վիճակում են հայտնվել»,- ասաց նա։

Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ մյուս կողմից, այն ընկերությունները, որոնք պայմանագրեր են կնքել խաղողագործների հետ, շատ ցածր գներով են պատրաստ մթերել խաղողը։

«Անգամ 100-120 դրամի մասին է խոսք գնում, ինչը բացարձակապես շահեկան չէ գյուղացու համար։ Դա ինքնարժեքին հավասար արժեք է։ Եթե խաղողագործն այսօր 100-120 դրամով պետք է խաղողը հանձնի, այլևս անիմաստ է իր աշխատելը։ Ամեն ինչ թանկացել է, գնաճը մեծ է՝ պարարտանյութերի գները եռակի են թանկացել, թունաքիմիկատների ու վառելանյութի գները՝ կրկնակի։ Ապրանքների, ծառայությունների գների շարունակական թանկացման պայմաններում փոխանակ մթերման գները մի փոքր բարձրացնեն և շահեկան պայման ստեղծեն գյուղացու համար, հակառակն է կատարվում։ Գյուղացու ծախսերն ավելացել են, մթերման գները չեն աճում։ Եվ այս իրավիճակում խաղողագործները շատ դժվարությունների առաջ են կանգնելու»,- հավելեց Գառնիկ Պետրոսյանը։

Մասնագետի խոսքով՝ մյուս խնդիրն այն է, որ մթերող ընկերությունները կամայական են գործում, նախորդ տարիների փորձը դա է ապացուցում։ Օրինակ՝ նախորդ տարի խաղողի մթերումները շատ ուշացրեցին, այսօր էլ չկա հստակություն՝ երբ կսկսեն մթերել։ Իսկ որքան ուշանում է բերքահավաքը, այնքան գյուղացու մոտ կորուստները ավելի են մեծանում։ Դրանից օգտվում են մթերողները։

Աղբյուրը՝   lragir.am