Բավականին մեծ հաջողությամբ արտահանումներ ենք կատարում. Պապոյան
Կառավարության՝ հունիսի 25-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ազդակներ կան, թե մեր շուկայում գնանկում կա, բայց նաև նշվում է, որ ծիրանը, կեռասը, ելակը թանկացել են: Այս համատեքստում Փաշինյանը էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեց՝ ի՞նչ վիճակ է շուկայում:
Գևորգ Պապոյանը թվեր ներկայացրեց՝ 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 25-ը՝ երեկ ներառյալ, արտահանվել է մինչև 1071 տոննա ծիրան, որից 90 տոկոսը՝ վերջին 1 շաբաթվա ընթացքում, որովհետև նոր է հասնում բերքը: Կեռասը 882 տոննա է արտահանվել, մոտ 40 տոննա փոքր քաղցր խնձոր է արտահանվել, 100 տոննա՝ թութ, թուզ, հաղարջ, մոշ, 87 տոննա՝ ելակ, ազնվամորի, 140 տոննա՝ լոլիկ:
Փաշինյանը նկատեց՝ այդ թվերը շատ բան չեն ասում, ավելի շատ նախարարի գնահատականն է հետաքրքիր: Որտե՞ղ լարված, ճգնաժամային իրավիճակ կա:
Պապոյանը պարզաբանեց՝ տեսանելի գնանկում կա երկու ուղղություններով. «Ծաղիկն է եղել, որի մասին գիտեինք, և լոլիկը, մնացած ուղղություններով առանձնահատուկ գնանկում չի նկատվում, և բերքը կա՛մ շուկայում ամբողջովին վաճառվում է, կա՛մ արտահանվում է: Լոլիկի դեպքում էլ է վաճառվում, ուղղակի գներն իջել են»:
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ այդ սցենարն էլ են նկատի ունեցել, քանի որ եթե ջերմոցում լոլիկ արտադրողների համար աջակցության ծրագրեր են անում, դա բերելու է վաճառքների խթանում:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս համատեքստում հայտարարեց՝ մարտահրավերով հանդերձ՝ ստեղծված իրավիճակը կարծես թե լուրջ ճգնաժամի չվերածվեց, թվերն էլ են այդ մասին վկայում:
«Մեզ համար շատ մեծ հնարավորություններ ստեղծվեցին: Մեծ հաշվով, տեղի է ունենում այն, ինչ մենք երկար ժամանակ խոսում և պլանավորում էինք. դա հայկական արտադրանքի արտահանման սպառման շուկաների բազմազանեցումն է: Ուզում եմ ուղղակի փոքր լավատեսություն հաղորդել պրոցեսին, կարծում եմ, որ լոգիստիկ անծանոթությամբ են պայմանավորված՝ զանազան խոչընդոտներն արագ հաղթահարվելու են, և մենք ունենալու ենք ավելի լավ արդյունք, քան նախկինում կար»,- ասաց նա:
Պապոյանը լրացրեց Միրզոյանին՝ նշելով, որ արտահանումների աշխարահագրությունը շատ-շատ լայն է՝ Իրաքից, ԱՄԷ-ից մինչև Լեհաստան, Թուրքիա, Չեխիա, Ուկրաինա, միջինասիական երկրներից մինչև արևմտյան երկրներ, մի քանի տասնյակ երկրի մասին է խոսքը:
«Պետք է սա էլ ընդունենք, որ ամենավատատեսական սցենարները, որոնք ի սկզբանե մտածում էինք, դրանք չկան, և մենք, ըստ էության, բավականին մեծ հաջողությամբ արտահանումներ ենք կատարում, պետք է շարունակենք աշխատել»,- ասաց Պապոյանը՝ նշելով, որ Նիդերլանդներում և Բելգիայում ևս այս պահին քննարկումներ են ընթանում հայկական արտադրանքի արտահանման ուղղությամբ: