Հանկարծ չգնամ Էրեբունի շրջայցի, ու հայտնվի մի նոր բնակիչ, որ նոր բնակարան ուզի. Ավինյանը՝ Արցախի փողոցի շենքերի մասին
Էրեբունի վարչական շրջանում համապատասխանաբար պետք է պատրաստ լինեն, որ երբ ես այնտեղ գնամ շրջայցի, հանկարծ նոր բնակիչներ չլինեն ու նոր մարդիկ չհայտնվեն, որ նոր բնակարան ուզեն, որովհետև դա տեղի չի ունենալու: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ասեմ ավելին՝ բոլոր այն հատվածներում, այն բնակարաններում, որտեղ արդեն մարդիկ տեղափոխվել են, բնակարանները ոչ պատ պիտի ունենան, ոչ դուռ, ոչ էլ պատուհան, և հենց բոլորը տեղափոխվեցին, 4-րդ կարգի վթարային շենքը միանգամից պետք է քանդվեն»,- նշել է Ավինյանը:
Անդրադառնալով Արզումանյան փողոցում գտնվող վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու և վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրին՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի ԺՊ Անետա Բաբայանը հայտնեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ` ներդրումային ծրագրի շրջանակներում, որի ներքո կան 2 վթարային շենքեր՝ Արզումանյան 10 և 17 շենքերը, պետք է ապամոնտաժվեին, և դրանց փոխարեն պետք է կառուցվեին նոր բազմաբնակարան շենքեր:
Նա նշեց՝ տեղի ներկա սեփականատերերը բազմաբնակարան շենքերից պետք է ստանային համարժեք փոխհատուցում, իսկ օտարման գործընթացները դեռևս 2024 թվականի մայիսից փաստացի մեկնարկել են, առաջին պայմանագիրը կնքվել է, այս պահի դրությամբ ունեն կնքված 66 գույքի պայմանագիր, այսինքն՝ օտաաման գործընթացը մոտ 87%-ով ավարտված է, մնացել է 17 շենքը, որը, ըստ Անետա Բաբայանի, առաջիկայում նույնպես զարգացումներ կունենա:
Անետա Բաբայանը հավելեց՝ այս պահին բնակիչները սպասում են շենքերի կառուցմանը, իսկ պայմանագրերի կնքման 3 տարին այս տարի է լրանում: