Ուշացած պարարտանյութ ու աջակցություն․ սուբսիդավորման ծրագիրն արդյունավետ չէր՝ ըստ փորձագետի

Ուշացած պարարտանյութ ու աջակցություն․  սուբսիդավորման ծրագիրն արդյունավետ չէր՝ ըստ փորձագետի

Ավելի քան  6 մլրդ դրամ՝ շուրջ  27 հազար տոննա պարարտանյութ՝ 10 մարզերի հողօգտագործողների համար։ Նախորդ տարեվերջից գյուղացիները  բարձրաձայնում էին՝ մի քանի անգամ բարձրացել են պարատանյութերի գները։  Եվ միայն գարնան սկզբին՝ մարտի 3-ին, կառավարությունը արձագանքեց ու հաստատեց մատչելի գնով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման   ծրագիրը։ Մասնագետների պնդմամբ, ի սկզբանե պարզ էր, որ  ծրագիրը ձախողված է։ Պարզաբանումը գյուղատնտեսության նախկին փոխնախարարինն է։  Գառնիկ  Պետրոսյանն ընդգծում է՝ մեխանզիմները չգործեցին, ավելին՝  ծրագիրը ուշացած էր։ Կոնկրետ այս ծրագրում բազմաթիվ անպատասխան հարցեր են մնացել անհասկանալի  ու չհիմնավորված գներ, մատակարար դառնալու համար՝ սեղմ ժամկետ ու ամենակարևորը՝ ուշացած աջակցություն, որն էլ դարձավ անարդյունավետ։ «Համայնքների  մի մասում ընդհանրապես  պարարտանյութը չհասավ, իսկ այնտեղ, որտեղ հասավ՝  12–14 հազար դրամով»,-ասում է Պետրոսյանն  ու նշում, որ այդպես էլ պարզ չեղավ, թե ինչու՞ այդքան բարձր գնով՝ 21-23 հազար դրամով  ներկրեցին, որ 9 հազար դրամն էլ պետությունը սուբսիդավորեր։ Ո՞ր երկրներից ներկրվեց, ինչու՞  պարարտանյութը չի ներկրվում ԵԱՏՄ անդամ երկրներից։                      

Ուշացած պարարտանյութն անիմաստ ու անարդյունավետ էր

Կառավարությունը որոշումն ընդունեց մարտի սկզբին, մինչդեռ սա մասնագետի պնդմամբ, արդեն իսկ ուշացած էր։ Ձմռան վերջին, երբ  արդեն   պարարտացման ժամանակն է գալիս,  գործադիրում նոր սկսում են տարբեր երկրների մատակարարների հետ բանակցությունները։  Ըստ Գառնիկ Պետրոսյանի՝ ցանկացած մշակաբույս ունի պարարտացման իր ժամանակը։  «Արարատյան դաշտում, օրինակ` հացահատիկի  համար պետք է մարտին, վատագույն դեպքում՝ մինչև  ապրիլի կեսը մատակարարեին, մինչդեռ արդեն մայիսն էր, բայց գյուղացուն դեռ պարարտանյութը չէր հասել։ Սա՝ լավագույն դեպքում, մի շարք համայնքներ ընդհանրապես չստացան պարարտանյութը»։ 

Պարարտանյութը թանկացել է, գյուղատնտեսությունը դարձել ավելի մատչելի՝ ըստ նախարարի

 Էկոնոմիկայի նախարարությունում  արձանագրել  են, որ  տարվա սկզբից պարարտանյութերի շուկայում կտրուկ՝ 2.5-3 անգամ գնաճ է գրանցվել: Ըստ նախարարի՝ փոքր ֆերմերները հայտնվել են խոցելի պայմաններում և որոշվել է հանդես գալ նրանց աջակցելու ծրագրով: Վահան Քերոբյանը գյուղացիներին կոչ է անում  հնարավորինս շատ հողեր մշակել, քանի որ ակնկալվում է պարենային անվտանգության մարտահրավեր. «Մյուս կողմից տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են, և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ»,- հայտարարում  է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու գյուղացին կոչ անում հող մշակել: Մինչդեռ Գառնիկ Պետրոսյանը վստահ է, որ առանց այն էլ կրճատված համախառն  բերքի արտադրանքի պայմաններում այս տարի գյուղացին  ավելի քիչ բերք է ստանալու , քանի որ բազմաթիվ խնդիրներին ավելացել է նաև պարարտանյութի պակասը։

Ինչպե՞ ս է իրականացվում ծրագիրը 

ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը նախատեսված է  այս տարվա համար՝ ՀՀ բոլոր մարզերում։  Մեկ շահառուի հաշվով տրամադրվում է  առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Ծրագիրն իրականացվում է  մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։ Շահառուները ծրագրի շրջանակում պարարտանյութեր ձեռք են բերում  միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։ Վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվություն կրում է մատակարարը: Ծրագրի շրջանակում ընտրանքային մոնիթորինգ կիրականացվի համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից սահմանված կարգով։

Ինչպե՞ ս նվազեցնել պարարտանյութի գները

Պարարտանյութի գնի նվազեցման, սուբսիդավորման խնդիրը տնտեսագետ Արմեն Քթոյանը դիտարկում է նորարարական լուծումների համատեքստում։ Սուբսիդավորումը, ըստ նրա,  հարակից խթանող միջոցառում պետք է լինի` ուղղված այն տնտեսություններին, որոնք միտված են արդյունավետ գործունեություն վարելուն.  «Պարարտանյութի թանկ լինելն ավելի շատ պայմանավորված է  լոգիստիկ, մրցակցային խնդիրներով, պարարտանյութի օգտագործման ոչ բավարար արդյունավետությամբ։ Ինչպե՞ս են օգտագործում, ինչպե՞ս  են հարստացնում հողը։ Երբ ավելի արդյունավետ մոտեցումներ կիրառվեն, հնարավոր կլինի պարարտանյութի ինքնարժեքն ավելի ցածր դարձնել, մասնակցությունը ծախսի մեջ նվազեցնել»։ Տնտեսագետը կարծում է, որ   գյուղոլորտում միջոցները  անարդյունավետ են օգտագործվում ։