Ամփոփվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Բարսեղյանի նախագահությամբ ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օրինական և ապօրինի շրջանառության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

Նիստի շրջանակում ամփոփվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ պատասխանատու գերատեսչությունների իրականացրած աշխատանքների արդյունքները, գնահատվել առկա միտումները։ 

Անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումներին, թմրամիջոցների հայտնաբերման և առգրավման գործելակերպին, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման ընթացքին։

Առանձնակի ուշադրություն է դարձվել փոստային և մաքսային ուղիներով թմրամիջոցների ապօրինի ներմուծման դեպքերին, նոր տեսակի սինթետիկ թմրամիջոցների տարածման ռիսկերին, դրանց հայտնաբերման և հակազդման մեխանիզմներին, ինչպես նաև գաղտնի քննչական գործողությունների իրականացման ընթացքում ծագող խնդիրներին։

Մասնակիցներն անդրադարձել են նաև գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդման, իրավապահ և մաքսային մարմինների փոխգործակցության զարգացման, ինչպես նաև իրազեկման ու կանխարգելիչ միջոցառումներին։ 

Քննարկվել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա քայլերն ու առաջարկները։

Մասնակցոլ են ՆԳ նախարարության ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության, Պաշտպանության, Առողջապահության և Արդարադատության նախարարությունների, ինչպես նաև Հակակոռուպցիոն, Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։