Ռուսաստանցիների 60%-ը հայտարարել է տնտեսական իրավիճակի վատթարացման մասին․ սա 20 տարվա ռեկորդ է․ Gallup-ի հարցումը

Ռուսաստանցիների 60%-ը հայտարարել է տնտեսական իրավիճակի վատթարացման մասին․ սա 20 տարվա ռեկորդ է․ Gallup-ի հարցումը

Ռուսաստանցիների 60%-ը կարծում է, որ իրենց քաղաքում կամ տարածաշրջանում տնտեսական իրավիճակը վատթարանում է։ Այս մասին են վկայում ամերիկյան Gallup հետազոտական ընկերության հարցման արդյունքները, որն անցկացվել է 2026 թվականի մարտից մայիս ընկած ժամանակահատվածում։

Սա վերջին 20 տարվա ամենաբարձր ցուցանիշն է (ընկերությունը նմանատիպ հարցումներ է անցկացնում 2006 թվականից ի վեր)։ Նախորդ ռեկորդային ցուցանիշները գրանցվել էին կորոնավիրուսի համավարակի տարիներին՝ 2020-ին (45%) և 2021-ին (50%): 2026 թվականի հարցման համաձայն՝ իրենց բնակավայրում տնտեսական դրության բարելավում նկատել է քաղաքացիների միայն 27%-ը։

Բացի այդ, ռուսաստանցիների 56%-ը հայտարարել է, որ վատթարանում է իրենց կենսամակարդակը. սա նույնպես 20 տարվա ռեկորդային ցուցանիշ է։ Կենսամակարդակի բարելավման մասին հայտնել է հարցվածների 29%-ը։

Բացասական փոփոխություններ են արձանագրվել նաև աշխատաշուկայի վերաբերյալ պատկերացումներում. հարցվածների 58%-ը կարծում է, որ այժմ հարմար ժամանակ չէ աշխատանք փնտրելու համար, մինչդեռ 35%-ը հակառակ կարծիքին է։ Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ այս ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 46% և 49%:

Gallup-ը նաև փաստում է, որ վերջին մեկ տարում ռեկորդային անկում է ապրել Ռուսաստանի քաղաքացիների վստահությունը զինված ուժերի, կառավարության և ընտրությունների նկատմամբ։ Այսպես՝ վստահությունը բանակի հանդեպ 79%-ից նվազել է մինչև 66%, կառավարության հանդեպ՝ 67%-ից մինչև 53%, իսկ ընտրությունների արդարության նկատմամբ՝ 56%-ից մինչև 40%: Երկրում մամուլի ազատության մակարդակի դրական գնահատականը մեկ տարվա ընթացքում գրեթե կիսով չափ կրճատվել է՝ 59%-ից իջնելով 34%-ի։