Կանխել ազդակիր համայնքների արտագաղթը․ «Լիդիան Արմենիա»-ի որդեգրած քաղաքականությունն է

Կանխել ազդակիր համայնքների արտագաղթը․ «Լիդիան Արմենիա»-ի որդեգրած քաղաքականությունն է

Ապահովել աշխատանքով՝ կանխելով արտագաղթը․ «Լիդիան Արմենիա» ընկերությունն առաջնորդվում է այս սկզբունքով՝ աշխատանքի ընդունելիս առաջնահերթությունը տալով Ամուլսարի ազդակիր համայնքների բնակիչներին։

Ամուլսարում ակտիվ աշխատանքներին զուգահեռ «Լիդիան Արմենիա» ընկերությունը նաև վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում։ Նպատակը ապագա աշխատակիցներին գիտելիքով ու միջազգային հավաստագրով զինելն է։ Նրանք այդ փաստաթղթով հնարավորություն կունենան աշխատել ոչ միայն ընկերությունում, այլ նաև աշխարհի հանքարդյունաբերական լավագույն այլ ձեռնարկություններում։

Գորայքի, Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, Սարավանի և Վայքի բնակիչներն են վերապատրաստվում, որպեսզի կարողանան վարել ծանր տեխնիկա։ 32 օպերատոր արդեն ներգրավված է աշխատանքներում, ևս 60 հոգի վերապատրաստման դասընթացներ են անցնում։ Ակնկալվում է, որ շահագործման փուլում ավելի քան 400 օպերատոր կլինի։

Վերապատրաստման դասերին մասնակցելու ճանապարհը երկար ու պատասխանատու է։ Թեկնածուները տարբեր փուլեր են անցնում՝ ֆիզիկական ու հոգեբանական վիճակի ստուգումից մինչև գիտելիքների գնահատում։ Նրանց այդ հարցում օգնում է «Mota Engil» ընկերության վերապատրաստման կորպորատիվ մենեջեր Ջոաքիմ Ամարոն։ Ավելի քան երեք տասնամյակ ոլորտում աշխատող մասնագետը սիրով իր գիտելիքն ու փորձն է փոխանցում օպերատորներին։

«Մեզ համար ամենակարևոր արժեքը մարդու կյանքն է։ Ուզում ենք, որ օպերատորները առողջ գան աշխատանքի և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ։ Մեր նպատակն է Ամուլսարում զարգացնել լավագույն օպերատորներին»,- ասում է նա։

Bbx7Wb0192TYF9iL697Zu0jPj76inJEtC3UoZITu.webp (621 KB)

«Mota Engil» ընկերության թրեյներ Արտյոմ Մանյանն անգիր գիտի տեխնիկան աշխատեցնելու հմտությունները։ Գիտի, թե որ գույնը ինչ է նշանակում։ Օպերատորների համար կարևոր է, որ էկրանին աշխատելիս կանաչ լույս վառվի։ Այս դեպքում այն նշանակում է, որ տեխնիկան պատրաստ է աշխատանքի։

  Z3ZEMcmaEJBfay2YayP05Yng5zU6xVHXZR4M5Utb.webp (603 KB)

Օպերատորների վերապատրաստումը տարբեր փուլերով է անցնում, իսկ վերջում արդեն գիտելիքների ստուգումն է։ Գորայքի բնակիչ Տիգրան Հարությունյանը վերապատրաստում անցնող օպերատորներից է։ Նա սիրով է հաճախում դասընթացներին, կարևորում է գիտելիքը և ասում, որ աշխատանքը տան մոտ է ու հարմար։

«Մասնակցում եմ «Կատերպիլեր»-ի դասընթացին։ Եթե այս աշխատանքը չլիներ, պետք է արտագաղթեի։ Հիմա շատ լավ է, մեր քթի տակ է։ Այստեղ հատկապես կարևոր է անվտանգությունը, որը մեզ սովորեցնում է սիմուլյատորը»։

«Կատերպիլլեր» ընկերության տեխնիկան ոլորտում լավագույններից է։ Ցանկացած խնդրի դեպքում օպերատորը համակարգչով տեսնում է անսարքությունը։ Ճիշտ արձագանքն ու խնդրի ճիշտ լուծումը ամենակարևորն են թե՛ անվտանգության, թե՛ ընկերության աշխատանքի շարունակականության ապահովման տեսանկյունից։

akxUbhQXmOAo09MkHmPAaVY3sbEMPnBmvOU3WfFh.webp (175 KB)

Այս պահին Ամուլսարի ծրագրում ներգրավված է ավելի քան 1000 աշխատակից։ Ընկերությունը նպատակ ունի հնարավորինս շատ աշխատողների ներգրավել ծրագրի հետագա աշխատանքներում՝ դրանով իսկ լուծելով համայնքներում զբաղվածության խնդիրը և կանխելով արտագաղթը։ Սա «Լիդիան Արմենիա» ընկերության առաջնային և անքննելի սկզբունքներից է։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը և Տնտեսական լրագրողների ակումբը կազմակերպել էին շրջայց դեպի Ամուլսարի հանք՝ տեղում օպերատորներ պատրաստող վարժական կենտրոնի աշխատանքներին ծանոթանալու նպատակով։