ԵՄ-ում պատրաստում են մեղմացումներ ՏՏ հսկաների տվյալների մշակման կենտրոնների համար
Եվրոպական հանձնաժողովը քննարկում է բնապահպանական նորմերի վերանայման հնարավորությունը՝ տվյալների մշակման կենտրոնների համար սահմանված, ինչը կարող է նվազեցնել խոշոր տեխնոլոգիական կորպորացիաների ֆինանսական բեռը։
Ինչպես հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով փաստաթղթի նախագծին, խոսքը նախկինում հաստատված պահանջների մի մասից հրաժարվելու մասին է։
Պարբերականի տեղեկություններով՝ Եվրահանձնաժողովը նախատեսում է մեղմացնել այն կանոնները, որոնք վերաբերում են հանածո վառելիքից ստացված էլեկտրաէներգիա օգտագործող տվյալների մշակման կենտրոնների արտանետումների փոխհատուցմանը։ Մասնավորապես, թարմացված նախագիծը թույլ է տալիս կիրառել մաքուր էներգիայի արտադրությունը հաստատող հավաստագրերի ավելի լայն շրջանակ՝ ներառյալ միջուկային էներգետիկային վերաբերող փաստաթղթերը։
Ավելի վաղ նախատեսվում էր հաշվառել բացառապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացված նոր նախագծերը, որոնք շահագործման էին հանձնվել ոչ ավելի, քան տասը տարի առաջ և գտնվում էին տվյալների մշակման կենտրոնների անմիջական հարևանությամբ։
Ինչպես նշում է FT-ը, փոփոխությունները կատարվել են ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում՝ Amazon-ի, Microsoft-ի և Տվյալների մշակման կենտրոնների եվրոպական ասոցիացիայի դիմումներից հետո։ Նրանք նախազգուշացրել էին, որ նախնական պահանջները կհանգեցնեն ծախսերի զգալի աճի։ Թերթի տվյալներով՝ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները նախատեսում են հուլիսի 3-ին կայանալիք հանդիպման ընթացքում քննարկել թարմացված նախագիծը, ընդ որում՝ փաստաթուղթը դեռ կարող է ենթարկվել լրացուցիչ փոփոխությունների։