Բազմաթիվ դժգոհություններ և բողոքներ ենք ստացել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրառումից. Բաբկեն Թունյան

Բազմաթիվ դժգոհություններ և բողոքներ ենք ստացել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրառումից. Բաբկեն Թունյան

«Հուլիսի 1-ից ուժի մեջ էր մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը և այս ընթացքում բազմաթիվ դժգոհություններ, բողոքներ և առաջարկներ ենք ստացել»,-այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը բացելով՝ հայտարարեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ հիշեցնելով, որ ինքն էր առաջարկել քաղաքացիներին և տնտեսվարողների իրենց բողոքներն ու առաջարկներն ուղարկեն ԱԺ:

Նրա խոսքով՝ այդ բաղոքները կվերլուծվեն և առաջիկայում Ֆինանսաբյուջատային հարցերով մշտական հանձնաժողովի հետ կքննարկեն խնդիրները՝ պարզելու օրենում շտկումների կարիք կա՞, թե ոչ:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որին չեն մասնակցում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, դիտարկվելու է ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող 19 օրինագիծ, որոնց հիմնական մասն առաջին ընթերցման են:

Բաբկեն Թունյանը հանձնաժողովի նիստի մեկնարկին նաև անդրադարձավ տարեկան տնտեսական ցուցանիշներին:

«Տարվա ցուցանիշները վատը չեն, տնտեսական ակտիվության ցուցանիշը մոտավորապես 13 տոկոս է հունվար-հուլիսի համար: ՀՆԱ-ի աճը երկրորդ եռամսյակում 13 տոկոս է կազմել: Այս հարցում մեծ դեր ունի առևտրի և ծառայությունների ոլորտը, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկող մարդկանց և կապիտալի ազդեցությամբ: Բոլորի համար պարզ է, որ այդ էֆեկտը ժամանակավոր է, այսինքն՝ մենք մշտապես այդ նույն չափով դրական ազդեցությունը մեր տնտեսության վրա չենք զգալու»,-հայտարարեց նիստը նախագահողը:

Կարևորելով ստեղծված հնարավորությունից օգտվելը՝ ՔՊ-ական պատգամավորը հայտնեց, որ կառավարության խնդիրն է այնպես անել, որ այդ կարճաժամկետ օգուտից հնարավորինս շատ պայմանական մասհանում անեն ենթակառուցվածքային ներդրումների ուղղությամբ, որպեսզի երկարաժամկետ ու բարձր տնտեսական աճի համար հիմքեր ստեղծվեն:

Թունյանը նաև հայտնեց, որ քննարկվելու է նաև հրավառությունների խնդիրը կարգավորող օրենքը:

Աղբյուրը՝   panorama.am