ՀՀ արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում. Փաշինյանի ելույթը ՌԴ–ում
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում։ Այսօր Եկատերինբուրգում «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4,7 տոկոս, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսներին՝ 13 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերամշակող արդյունաբերությունը վերջին 9 տարիների ընթացքում աճել է 2 անգամ»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանի լայնածավալ ներդրումները մատնանշում են Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական տեսլական ունեցող հուսալի գործընկերոջ աճող ընկալումը: Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններն արդեն ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ մի շարք նախագծերի մասնակից են։
Նա նաև անդրադարձել է «Իննոպրոմ» ցուցահանդեսին՝ ընդգծելով, որ այն ավանդաբար լավ հարթակ է արդյունաբերական առաջատար լուծումների և բիզնեսի հնարավորությունների ցուցադրման համար:
Փաշինյանը նաև նշել է, որ այսօր արդյունաբերական զարգացման գլոբալ ճարտարապետության մեջ համակարգային փոփոխություններ են տեղի ունենում, մեծանում է գիտության, տեխնոլոգիաների, թվայնացման, արհեստական բանականության և տվյալների վերլուծության դերը։ Սակայն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության սրընթաց զարգացման դարաշրջանում կարևոր ուղենիշ պետք է մնան մարդու դերն ու հումանիտար գործոնը։
«Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա հոգսերից՝ այդպիսով նոր հորիզոններ բացելով ինտելեկտուալ և ստեղծագործ աշխատանքների համար»,- նշել է ՀՀ վարչապետը։