b24. Աշխարհի առաջնությունը կանխատեսումների շուկաներում առևտրի ծավալները հասցրել է ռեկորդային մակարդակի
Սպասվում էր, որ FIFA 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կդառնա պատմության ամենախոշոր խաղադրույքային իրադարձությունը։ Կանխատեսումների շուկաների հարթակների համար դա վերածվել է հունիսին առևտրի ծավալների կտրուկ աճի: Այս մասին հայտնում է CNBC-ն։
Dune Analytics-ի օգտատերերի հավաքած տվյալների համաձայն՝ Kalshi հարթակը մեկ ամսվա ընթացքում գրանցել է ավելի քան 31 միլիարդ դոլարի անվանական առևտրի ծավալ, ինչն ավելի քան 70%-ով գերազանցում է մայիսի 17.9 միլիարդ դոլարի ցուցանիշը։ Ֆուտբոլային մրցաշարի մեկնարկից՝ հունիսի 11-ից ի վեր, հարթակում օրական առևտրի ծավալը կայուն կերպով գերազանցում է 1 միլիարդ դոլարը։
Միջազգային իրադարձությունների պայմանագրերի բորսա Polymarket-ը նույնպես սահմանել է ամսական նոր ռեկորդ․ հունիսին անվանական առևտրի ծավալը գերազանցել է 10.8 միլիարդ դոլարը։ Դրանով ավարտվել է ապրիլին և մայիսին արձանագրված նվազման միտումը։
Միևնույն ժամանակ Polymarket-ի ամերիկյան հարթակում հունիսին գրանցվել է ավելի քան 3.5 միլիարդ դոլարի անվանական առևտրի ծավալ՝ մայիսի 1.77 միլիարդ դոլարի դիմաց։
Այսօր ԱՄՆ-ի հավաքականը 1/8 եզրափակչում կհանդիպի Բելգիայի հավաքականին։
Kalshi-ում ԱՄՆ-ի՝ մրցաշարում հաղթելու ելքի վերաբերյալ կնքվել է ավելի քան 64 միլիոն դոլարի պայմանագիր, իսկ Polymarket-ում՝ 122 միլիոն դոլարի։ Միևնույն ժամանակ հարթակների գնահատմամբ ԱՄՆ-ի չեմպիոն դառնալու հավանականությունը կազմում է ընդամենը 4.3% և 3%։
Աշխարհի առաջնության շուրջ ստեղծված բարձր հետաքրքրությունը խթանել է նաև Rothera կանխատեսումների շուկայի հարթակի զարգացումը, որը Susquehanna International Group-ի և Robinhood-ի համատեղ նախագիծն է։
Rothera-ն մեկնարկել է հունիսին, երբ Robinhood-ը աշխարհի առաջնության հետ կապված որոշ պայմանագրեր իր բրոքերային հարթակից տեղափոխեց նոր բորսա։
Bank of America-ի տվյալներով՝ հունիսին Rothera-ի անվանական առևտրի ծավալը կազմել է 2 միլիարդ դոլար, և այժմ այն զբաղեցնում է ԱՄՆ կանխատեսումների շուկայի մոտ 7%-ը։
Բոլոր հարթակներն օգտագործել են աշխարհի առաջնությունը՝ օգտատերերի հոսքն ավելացնելու նպատակով։
Polymarket-ը հայտարարել է մինչև 2 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով մրցույթ այն մասնակցի համար, որը կկարողանա կատարելապես կանխատեսել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ամբողջ ցանցը։
Իսկ Apple App Store-ում Kalshi-ն իր բջջային հավելվածի գլխավոր կարգախոս է դարձրել «Առևտուր արեք աշխարհի առաջնությամբ» արտահայտությունը։
Բարձրացել է նաև բաց հետաքրքրության (open interest) մակարդակը, որը ցույց է տալիս հարթակներում գործող, բայց դեռևս չկատարված պայմանագրերի ընդհանուր արժեքը։
Ներկայումս Kalshi-ի բաց հետաքրքրությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը, իսկ Polymarket-ինը կազմում է մոտ 400 միլիոն դոլար, ինչը բարձր ցուցանիշ է և մոտ է վերջին ամիսներին նրա միջազգային հարթակի գրանցած մակարդակներին։
Նյութն ամբողջությամբ՝ Բիզնես 24