Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը: Կատարված հիմնական փոփոխությամբ՝ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը։
Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է՝ դիմորդների տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասնական թվային հարթակում ներկայացվելու են առաջարկվող կրթական ծառայությունները, միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերը, որակավորումները, ուսուցման ժամկետները, ուսուցման կազմակերպման մեթոդաբանությունը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառումը, ընդունելության պայմանները, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանները և այլն։
Ինչպես դիմել քոլեջ
Մասնագիտական ուսումնական հաստատության՝ քոլեջի դիմորդը hayt-college.emis.am համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում-հայտը, որը ներառում է անձնական տվյալները, ինչպես նաև լուսանկար, կրթության վկայական։ Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով: Քոլեջ դիմելու ուղեցույցը՝ ըստ քայլերի հաջորդականության, կհրապարակվի առաջիկայում։
Միասնական մոտեցում
Մասնագիտական կրթության ոլորտում սահմանվել է նաև ընդունելության միասնական կարգավորում՝ անկախ հիմնադրից և կազմակերպաիրավական ձևից՝ բոլոր դիմորդների հայտերը կներկայացվեն նույն համակարգում, ինչը հնարավորություն կտա դիմորդներին մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ՄԿԿՏՀ) հայտադիմում ներկայացնելիս տեսնել տարբեր ՄՈՒՀ-երի ծառայություններն ու առաջարկվող որակավորումները և ունենալ այլընտրանք։
Ընդունելության ժամկետներ
Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են համակարգ հուլիսի 10-ից սկսած.
- ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 18:00
- ոլորտային մասնագիտություններով` մինչև հուլիսի 24-ը՝ ժամը 18:00
Ընդունելության պայմաններ
Ընդունելությունն իրականացվում է առանց քննությունների՝ բացառությամբ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և լիազոր մարմնի սահմանած այլ ոլորտային մասնագիտությունների։
Ընդունելության արդյունքների ամփոփում
Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակում է ՄՈՒՀ-ը՝ տվյալ մասնագիտության մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո։
Մանրամասներն՝ այստեղ