284 միլիոն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանային ապահովման համար
Կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 284.4 միլիոն դոլար ներգրավելու օրենքի նախագիծը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման նպատակով։
Ըստ որոշման հիմնավորումների՝ 284 միլիոն դոլարից առնվազն 250 միլիոնը ոչ արտոնյալ վարկային միջոցներ են։ Մյուս 34 միլիոն դոլարը ՀՀ-ին կտրամադրվի որպես դրամաշնորհ։ Ըստ որոշման հիմնավորումների՝ Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիրը նպատակաուղղված է 109 000 բռնի տեղահանված անձանց բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը, հիփոթեքային շուկայի խորացմանն ու ընդլայնմանը։
Ծրագրի առաջին բաղադրիչը բնակարանային սուբսիդիաներն են, երկրորդը՝ բնակարանային շուկայի ֆինանսավորման զարգացումը, իսկ երրորդ բաղադրիչով նախատեսվում է ապահովել ծրագրի կառավարումը, հաղորդակցությունն ու մոնիտորինգը։