Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի

Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի
Կառավարությունը նախատեսում է փոխել նախարարների և կառավարության մյուս անդամների պաշտոնը ստանձնելիս տրվող երդման տեքստը՝ այն համալրելով պետականության, հանրային շահի և ապագա սերունդների հանդեպ պատասխանատվության մասին նոր դրույթներով։
Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծում նշվում է, որ գործող երդման տեքստը լիարժեք չի արտացոլում պետականության ամրապնդման, Հայաստանի զարգացման և սերունդների առջև պատասխանատվության գաղափարները։
«Առաջարկվում է փոփոխել օրենքով սահմանված երդման տեքստը՝ այն համալրելով լրացուցիչ արժեքային բաղադրիչներով»,– նշված է հիմնավորման մեջ։
Նախագծով առաջարկվում է, որ կառավարության անդամներն իրենց երդման մեջ պարտավորվեն գործել հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման, ծառայել հանրային շահին, նպաստել պետականության ամրապնդմանը, առաջնորդվել իրավունքի գերակայության սկզբունքով և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների։
Գործող օրենքով կառավարության անդամը պաշտոնը ստանձնելիս երդվում է.
«Հանուն Հայաստանի Հանրապետության՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները»։
Նախագծով առաջարկվում է այն փոխարինել հետևյալ տեքստով.
«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»։