«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան

«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան

Արագ փոփոխվող տնտեսական միջավայրը բանկերից պահանջում է ոչ միայն ճկունություն, այլև ռազմավարական մոտեցումներ։ Ֆինանսական կառավարման դերը վաղուց դուրս է եկել սոսկ թվային ցուցանիշներ արձանագրելու շրջանակից՝ դառնալով կայունության և աճի գլխավոր շարժիչ ուժը։

Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի` ֆինանսական գծով տեղակալ Ռուբեն Բադալյանը խոսել է ֆինանսական ռիսկերի զսպման արդյունավետ մեխանիզմների, ներքին գործընթացների ավտոմատացման ու թվայնացման ազդեցության, ինչպես նաև շուկայում երկարամյա վստահության ամրապնդման և հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված բանկի առաքելության մասին։

Պարո՛ն Բադալյան, այսօր համաշխարհային ֆինանսական շուկաները շարունակում են գործել բավական փոփոխական և անկայուն միջավայրում։ Ինչպե՞ս է Հայէկոնոմբանկին հաջողվում տնտեսական անորոշությունների պայմաններում պահպանել կայունությունը, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ֆինանսական ռիսկերի զսպման ուղղությամբ։

Վերջին տարիներին ֆինանսական շուկաներն իսկապես աչքի են ընկնում բարձր տատանողականությամբ: Աշխարհաքաղաքական զարգացումները և տնտեսական մարտահրավերները բանկերից պահանջում են ճկունություն, արագ արձագանքման և, միաժամանակ, երկարաժամկետ պլանավորման կարողություն։

Մեր առաջնահերթությունը ֆինանսական կայունության, իրացվելիության բարձր մակարդակի և հաճախորդների վստահության պահպանումն է։ Այդ նպատակով մենք մշտապես վերահսկում ենք ակտիվների ու պարտավորությունների կառուցվածքը, պահպանում ենք իրացվելիության բավարար պաշարներ և առանձնակի ուշադրությամբ հետևում տոկոսադրույքի, արժութային և իրացվելիության ռիսկերին։

Միաժամանակ, մենք պարբերաբար իրականացնում ենք սթրես-թեստավորումներ և տարբեր սցենարային վերլուծություններ, ինչը թույլ է տալիս հնարավոր մարտահրավերներին պատրաստ լինել նախապես։ Մեծ ուշադրություն ենք դարձնում նաև ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացմանը, ավանդային բազայի կայունությանը և կապիտալի բավարար մակարդակի պահպանմանը։

Ֆինանսական կայունությունը պատահական արդյունք չէ. այն ամենօրյա կարգապահ աշխատանքի, պատասխանատու ռիսկերի կառավարման և ռազմավարական մտածողության արդյունք է։

Ժամանակակից բանկն այլևս հնարավոր չէ պատկերացնել առանց տեխնոլոգիական լուծումների: Ի՞նչ ազդեցություն է ունենում թվայնացումը Ձեր ամենօրյա աշխատանքի վրա, և արդյո՞ք այդ փոփոխություններն ուղղակիորեն զգում է հաճախորդը:

Այսօր արդեն դժվար է պատկերացնել արդյունավետ ֆինանսական կառավարում առանց թվայնացման։ Եթե տարիներ առաջ բազմաթիվ գործառույթներ կատարվում էինաշխատակիցների կողմից առանձին ծրագրերի միջոցով, ապա այժմ ավտոմատացված համակարգերը հնարավորություն են տալիս դրանք իրականացնել զգալիորեն ավելի արագ և ճշգրիտ՝ նվազեցնելով գործառնական ռիսկերն ու բարձրացնելով հաշվետվությունների որակը։ Արդյունքում մեր թիմը կարողանում է ավելի շատ ժամանակ հատկացնել խորքային վերլուծություններին, ֆինանսական պլանավորմանն ու ռազմավարական որոշումների կայացմանը։

Այս ամենն անմիջական ազդեցություն ունի նաև հաճախորդի վրա։ Երբ ներքին գործընթացներն ավելի արդյունավետ են, բանկը կարողանում է ճկուն կառավարել իր ծախսերը, արագացնել ծառայությունների մատուցումը և հաճախորդներին առաջարկել ավելի մրցունակ պայմաններ։ 

Թվայնացման հիմնական նպատակը միայն ծախսերի կրճատումը չէ. այն առաջին հերթին բարձրացնում է սպասարկման արագությունը, անվտանգությունն ու հարմարավետությունը:

Գաղտնիք չէ, որ բանկային ավանդների շուկան բավականին մրցակցային է: Ի՞նչն է, ըստ Ձեզ, այսօր ձևավորում հաճախորդների վստահությունը, և ֆինանսական ի՞նչ գործիքակազմով է Հայէկոնոմբանկն ապահովում հաճախորդների հավատարմությունը։

Մեր փորձը ցույց է տալիս, որ հաճախորդներն իրենց ընտրությունը վաղուց արդեն չեն կատարում միայն տոկոսադրույքի հիման վրա։ Ոչ պակաս կարևոր են բանկի հուսալիությունը, պատմությունը, սպասարկման որակն ու թվային հնարավորությունները։

Մեր նպատակը ոչ թե պարզապես միջոցներ ներգրավելն է, այլ երկարաժամկետ հարաբերություններ կառուցելը, որոնց հիմքում կանխատեսելիությունն է։ Դրա համար մենք առաջարկում ենք տարբեր ժամկետայնությամբ և տարբեր արժույթներով ավանդներ, թողարկում պարտատոմսեր, վարում շուկային համահունչ տոկոսադրույքային քաղաքականություն և շարունակաբար զարգացնում մեր թվային հարթակները, որ յուրաքանչյուր հաճախորդ կարողանա հեշտ և հարմար կառավարել իր ֆինանսները: 

Վստահությունը ձևավորվում է ոչ թե մեկ առաջարկով, այլ տարիների հետևողական աշխատանքով, թափանցիկ գործունեությամբ և պատասխանատու վերաբերմունքով։

Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն ունի ֆինանսական գրագիտությունը հաճախորդների պատասխանատու վարքագծի ձևավորման գործում, և ինչպե՞ս կարող են բանկերը նպաստել այդ գործընթացին։

Ֆինանսական գրագիտությունն այսօր արդեն հավելյալ գիտելիք չէ, այլ ֆինանսական կայունության կարևոր նախապայման։ Որքան բարձր է հանրության իրազեկվածությունը ֆինանսական գործիքների, ռիսկերի և հնարավորությունների վերաբերյալ, այնքան ավելի հիմնավորված և հեռանկարային են նրանց որոշումները՝ լինի դա խնայողությունների կառավարում, ներդրումների իրականացում, թե վարկային պարտավորությունների ստանձնում։ 

Տեղեկացված հաճախորդն արդյունավետ է կառավարում ոչ միայն իր բյուջեն, այլև նպաստում է ամբողջ ֆինանսական համակարգի առողջ զարգացմանը, և բանկերն այստեղ լրջագույն կրթական ու տեղեկատվական առաքելություն ունեն:

Ֆինանսական գծով փոխտնօրենի դերը ժամանակակից աշխարհում վաղուց դուրս է եկել միայն թվեր արձանագրելու շրջանակից. այն ունի ընդգծված ռազմավարական նշանակություն: Այս համատեքստում, առաջիկա տարիներին զարգացման ի՞նչ գլխավոր նշաձողեր եք սահմանել Ձեր թիմի համար:

Բանկի ռազմավարական առաջընթացն անհնար է առանց ներքին գործընթացների արդյունավետ կառավարման:

Մենք շարունակում ենք աշխատել գործընթացների ավտոմատացումը խթանելու, տվյալների վերլուծությունն ընդլայնելու, ռիսկերի արդյունավետ զսպման և կայունության ապահովման, ինչպես նաև ռեսուրսների դիվերսիֆիկացման ուղղությամբ: Սրանք այն  ուղղություններն են, որոնք սահմանում են մեր այսօրվա օրակարգը և երաշխավորում Բանկի կայուն զարգացումն ապագայում։

Ֆինանսական կայունությունն ու աճը երբեք պատահական չեն. դրանք ամենօրյա կանոնակարգված աշխատանքի և պատասխանատու կառավարման արդյունք են: Դա հենց այն հիմքն է, որ ձևավորում է Հայէկոնոմբանկի նկատմամբ երկարամյա վստահությունն ու ամրապնդում մեր դիրքերը շուկայում՝ որպես կայուն և հեռանկարային գործընկեր յուրաքանչյուր հաճախորդի համար: 

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: