Ինչպես է նախկին համայնքապետը Կարբիի ձորում ընդլայնել ընտանեկան բիզնեսը. «Հետք»
«Հետք»-ը գրում է․ «Կարո Բաղդասարյանը Կարբի համայնքի ղեկավար է ընտրվել 2012թ․-ի սեպտեմբերին։ Չնայած օրենսդրական արգելքին, համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում՝ 2014թ․ փետրվարին, հիմնել է «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ն եւ սկսել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։
Շինարարական գործունեություն իրականացնող այս ընկերության 50% բաժնեմասը պատկանում է հենց նրան, 40%-ը՝ հորեղբորորդու՝ ներկայում Աշտարակ համայնքի ավագանու անդամ Արա Բաղդասարյանի կնոջը՝ Մերի Խաչատրյանին, 10 %-ն էլ՝ իր եղբորը՝ Վահե Բաղդասարյանին։
«ՏԻՄ մասին» օրենքով ձեռնարկատիրական գործունեությունն անհամատեղելի է համայնքի ղեկավարի պաշտոնի հետ և պաշտոնավարումը վաղաժամ դադարեցնելու հիմք է։ Սակայն ՀՀԿ-ական համայնքապետը ևս մեկ անգամ վերընտրվել է և պաշտոնավարել մինչև 2021թ․-ը, մինչև Կարբին Աշտարակ խոշորացված համայնքում ներառելը։
Կարո Բաղդասարյանի ընտանիքին է պատկանում նաև «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտին։ Կարբի ձորում, Քասախ գետի ափին գտնվող մեծածավալ ենթակառուցվածքներով բացօթյա այս համալիրը Կ․ Բաղդասարյանը նույնպես 2014թ․-ին է ձեռք բերել (հանգստի գոտին պետական ռեգիստրում գրանցվել է 2019թ․ մայիսին)։ Պաշտոնապես ընկերության 100 % բաժնետերն ու գործադիր տնօրենը մյուս եղբայրն է՝ Արթուր Բաղդասարյանը։ Այնուհետև «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտին ընդլայնելու նպատակով շարունակել է հողեր ձեռք բերել և՛ մասնավորից, և՛ համայնքից»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։