Հայկական ձուկը ԵՄ արտահանելու համար տնտեսվարողները կգրանցվեն TRACES համակարգում
Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար ընկերությունները պետք է անցնեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումը և գրանցվեն ԵՄ-ի TRACES վերահսկման համակարգում։
Կառավարությունը հաստատեց նախագիծը։
Նախագծի համաձայն՝ ԵՄ շուկա դուրս գալ ցանկացող տնտեսավարողը նախ պետք է դիմի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։ Տեսչական մարմինը կստուգի` արդյոք արտադրությունը համապատասխանում է Եվրամիության սննդամթերքի անվտանգության պահանջներին, ապա ընկերության տվյալները կներկայացնի TRACES համակարգում գրանցելու համար։
«Եվրոպական հանձնաժողովի համար լիազոր մարմնի տեղեկատվությունը երաշխիք է հանդիսանում համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցման հաստատման համար»,– նշված է նախագծի հիմնավորման մեջ։