Հաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստը

Հաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստը

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Մ․ Է․-ի դիմումը՝ հաստատելով նրա աշխատանքային ստաժի վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը։ Այս մասին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակում։

2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Մ․ Է․-ը բռնի տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից՝ զրկվելով մի շարք կարևոր փաստաթղթերից։ Դրա հետևանքով նա չի կարողացել ձեռք բերել իր աշխատանքային գործունեությունը հաստատող անհրաժեշտ արխիվային փաստաթղթերը։ Քաղաքացու աշխատանքային գրքույկում բացակայել է աշխատանքից ազատման վերաբերյալ գրառումն ու գործատուի կնիքը, ինչի հիմքով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը մերժել է նրա դիմումը՝ աշխատանքային ստաժի հաշվարկման վերաբերյալ։ Այս մերժումը խոչընդոտել է Մ․ Է․-ի նոր աշխատանքի անցնելուն, որտեղ պահանջվում է համապատասխան ստաժի առկայություն։

Արտադատական կարգով անհրաժեշտ փաստաթղթերը ձեռք բերելու հնարավորության բացակայության պայմաններում Մ․ Է․-ը դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ։ ՀՔԱՎ-ը, ի դեմս կազմակերպության ներկայացուցիչ Լիանա Մխոյանի, 2026 թ․ մարտի 18-ից ստանձնել է նրա շահերի պաշտպանությունը և 2026 թվականի մայիսի 5-ին դիմում ներկայացրել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ աշխատանքային ստաժի փաստը հաստատելու պահանջով։

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, ուսումնասիրելով գործում առկա ապացույցները, այդ թվում՝ ներկայացված փաստաթղթերն ու վկաների ցուցմունքները, արձանագրել է, որ դրանք բավարար են հաստատելու Մ․ Է․-ի աշխատանքային գործունեության փաստը։

Դատարանը նաև նշել է, որ արխիվային փաստաթղթերի բացակայության բացասական հետևանքները չեն կարող դրվել քաղաքացու վրա, քանի որ համապատասխան փաստաթղթերի պահպանման և փոխանցման պարտականությունը կրել են գործատու կազմակերպությունները։

Արդյունքում, 2026 թվականի հուլիսի 10-ի վճռով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մ․ Է․-ի դիմումը և հաստատել աշխատանքային ստաժի վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը։

Աղբյուրը՝  news.am