Քննարկվել են սահմանների համալիր կառավարման հիմնախնդիրները

Քննարկվել են սահմանների համալիր կառավարման հիմնախնդիրները

ՀՀ – ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում քննարկվել են սահմանների համալիր կառավարման հիմնախնդիրները։ 

«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների համալիր կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքները քննարկելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում  հուլիսի 16-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Ներքին գործերի, Արտաքին գործերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ»,– հայտնել են  Հայաստանի ԱԱԾ-ից՝ ընդգծելով, որ սահմանների համալիր կառավարումը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում իրականացվող գործողությունների կարևոր ուղղություններից է:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառվող «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի ընթացքի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն, մասնակիցների կողմից ընդգծվել է նախագծի կարևորությունը և այն հնարավորինս շուտ հաստատելու անհրաժեշտությունը:

Միաժամանակ, միջազգային փորձագետների կողմից ներկայացվել են սահմանների համալիր կառավարման եվրոպական կոնցեպտն ու դրա պարտադիր բաղադրիչները:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի լրամշակման շուրջ իրավասու մարմինների հետ աշխատանքները ակտիվացնելու և գործողությունները համաձայնեցնելու վերաբերյալ: