Արմավիրի մարզպետը Փարաքարում քննարկել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Արմավիրի մարզպետը Փարաքարում քննարկել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Փարաքար միավորված համայնքի վարչական շենքում այսօր հանդիպում է ունեցել համայնքային իշխանության պատասխանատուների և համայնքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Կարևորելով համայնքային պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց վերապահված գործառույթների լիարժեք իրականացումը՝ մարզպետը նախ անդրադարձել է համայնքի սեփական եկամուտների հավաքագրման պատշաճ ապահովմանը՝ ակնկալելով բյուջեով պլանավորված ցուցանիշների բարելավմանն ուղղված հստակ գործողություններ, այդ թվում՝ իրավական գործընթաց ենթադրող:  

Անդրադառնալով համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացին՝ Էդվարդ Հովհաննիսյանը դժգոհություն է հայտնել դեռևս 2020-21 թվականներին հաստատված ծրագրերով նախատեսված աշխատանքներն ոչ ամբողջությամբ ավարտելու առումով՝ ընդգծելով, որ պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցների և բնակչի հանդեպ ստանձնած պատասխանատվության նկատմամբ չպետք է անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերել:

Ներկայացնելով 2022 թվականին Փարաքարում 928.2 մլն դրամ ընդհանուր բյուջեով հավանության արժանացած 4 միավորված ծրագրերը (20 ենթածրագիր)` մարզպետն անընդունելի է համարել ոլորտային պատասխանատուների անգործությամբ կամ սխալ աշխատանքով պայմանավորված գործընթացի դանդաղումը, որի արդյունքում այժմ 3 ծրագիր գտնվում է պայմանագրերի կնքման փուլում, 1-ը՝ մրցույթի։  

Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև 2023 թվականի համար ներկայացված սուբվենցիոն հայտերին՝ ակնկալելով, որ 9 բնակավայրի կտրվածքով 1 մլրդ 985.23 մլն դրամ նախնական արժեքով ներկայացված 7 միավորված ծրագրային հայտերով պայմանավորված աշխատանքները կիրականացվեն ողջամիտ ժամկետներում՝ բացառելով նախորդ տարիների անցանկալի գործելաոճը:  

Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետը համայնքային իշխանության պատասխանատուներին և համայնքային ծառայողներին հանձնարարել է վերանայել իրենց գործառութային պարտականությունների ամբողջական կատարումը, ինչպես նաև ամենօրյա հսկողություն սահմանել համայնքային ենթակայության կառույցների կողմից մատուցվող ծառայությունների որակի և լիարժեք ապահովման ուղղությամբ: