Իրանի շուրջ լարվածության սրման պատճառով Գերմանիայում կտրուկ թանկացել են բենզինն ու դիզելային վառելիքը

Իրանի շուրջ լարվածության սրման պատճառով Գերմանիայում կտրուկ թանկացել են բենզինն ու դիզելային վառելիքը

Իրանի շուրջ հակամարտության սրման նոր ալիքը հանգեցրել է Գերմանիայում բենզինի և դիզելային վառելիքի գների կտրուկ աճին։ Այդ մասին գրում է Bild թերթը։

Թերթի տվյալներով՝ Super բենզինի մեկ լիտրի միջին գինը երկրում կազմում է 2,328 եվրո։ E10 բենզինի գինը բարձրացել է մինչև 2,274 եվրո, իսկ դիզելային վառելիքինը՝ մինչև 2,305 եվրո։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում դիզելային վառելիքը թանկացել է 6.7 եվրոցենտով՝ մեկ լիտրի հաշվով։ Արդյունքում 50 լիտրանոց բաքը լիովին լցնելու համար վարորդներն այժմ վճարում են 3.35 եվրոյով ավելի՝ մոտ 115 եվրո դիզելի և ավելի քան 116 եվրո՝ Super բենզինի դեպքում։

Bild-ը գների կտրուկ աճը կապում է Իրանի շուրջ իրավիճակի հերթական սրման հետ։ Աճում են մտավախությունները, որ Պարսից ծոցից նավթի մատակարարումները կարող են ամբողջությամբ դադարել կամ նոր սահմանափակումներ կիրառվեն կարևորագույն առևտրային ուղիներում։ Նավթի գների կտրուկ բարձրացումը մեծացնում է գնաճի և համաշխարհային տնտեսության վրա լրացուցիչ ճնշման վերաբերյալ մտահոգությունները։ Էներգակիրների թանկացումը բարձրացնում է նաև փոխադրումների, արտադրության և ամենօրյա սպառման ապրանքների ինքնարժեքը։

Գերմանիայում հուլիսի 1-ից դադարել է գործել, այսպես կոչված, վառելիքային զեղչը, որը մայիս և հունիս ամիսներին նախատեսում էր բենզինի և դիզելային վառելիքի հարկերի նվազեցում 17 եվրոցենտով՝ մեկ լիտրի համար։ Կառավարության սահմանած կանոնների համաձայն՝ Գերմանիայի բենզալցակայանների օպերատորներին թույլատրվում է վառելիքի գները բարձրացնել օրական միայն մեկ անգամ:

Հիշեցնենք՝ Հորմուզի նեղուցի շրջափակման վերսկսման մասին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր հուլիսի 14-ին։ Գերատեսչության մամուլի ծառայության տվյալներով՝ ներկայումս Մերձավոր Արևելքում տեղակայված են ԱՄՆ ռազմածովային ուժերի ավելի քան 20 նավ, ինչպես նաև հարյուրավոր ռազմական ինքնաթիռներ։