Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Գյումրիի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի պարտականությունները կատարող և Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Առաքելյանը «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի՝ խորհրդարան անցած 29 պատգամավորներից մեկն է։

«Որոշումը կայացվել է թե՛ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, թե՛ քաղաքական թիմի խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ քննարկումից հետո, սակայն վերջնական որոշումն իմն է»,- հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է Ավետիս Առաքելյանը։

Նրա խոսքով՝ առաջնահերթը Գյումրի քաղաքի և գյումրեցիների շահն է։

«Ես գտել եմ, որ առաջնահերթը գյումրեցիների և Գյումրի քաղաքի շահն է։ Այս պահին տեսնում էի, որ մանդատ վերցնելու դեպքում քաղաքը կարող էր կոլապսի ենթարկվել, ինչն անընդունելի էր թե՛ ինձ, թե՛ իմ քաղաքական թիմի համար»,-նշել է Առաքելյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Գյումրիի քաղաքային իշխանությունը «կուլիսային պայմանավորվածության» է եկել կենտրոնական իշխանության հետ։

Առաքելյանը վստահեցրել է, որ իր համար կարևորը ոչ թե պաշտոնն ու աթոռն են, այլ քաղաքի և քաղաքացիների շահերը։

Անդրադառնալով «Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք ավելի ճիշտ չէր լինի օրենսդիր մարմնում պայքարել քաղաքի շահերի համար, Առաքելյանը նշել է, որ իրենց քաղաքական ուժն արդեն ներկայացված է Ազգային ժողովում, և քաղաքի խնդիրները կբարձրաձայնվեն ու լուծումներ կստանան խորհրդարան անցած իր թիմակիցների միջոցով։