Գևորգ Պապոյանն Արարատի մարզպետի ուղեկցությամբ այցելել է Արարատի ցեմենտի գործարան

Գևորգ Պապոյանն Արարատի մարզպետի ուղեկցությամբ այցելել է Արարատի ցեմենտի գործարան
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ երեկ  այցելել է Արարատի ցեմենտի գործարան՝ տեղում ծանոթանալու արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Այցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։
Մարզի ղեկավարն ու նախարարը շրջել են գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացին, առկա հզորություններին և աշխատանքների ընթացքին։ Գործարանն ունի շուրջ 1000 աշխատակից, իսկ տարեկան դրվածքային հզորությունը կազմում է 1 մլն 200 հազար տոննա։
Շրջայցի ընթացքում Գևորգ Պապոյանը նշել է, որ Արարատի ցեմենտի գործարանը հանձնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կառավարմանը, և նախարարությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի գործարանն աշխատի ամբողջ հզորությամբ, անխափան և արդյունավետ։ Նախարարի խոսքով՝ հուլիս ամսվա ընթացքում, սահմանված կարգով, կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը։
«Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը։ Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ ընդհակառակը, անհրաժեշտ է ապահովել արտադրության բնականոն ընթացքն ու բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը»,- նշել է նախարարը։
Այցի ընթացքում մարզպետն ու նախարարը ծանոթացել են նաև գործարանի առջև ծառացած խնդիրներին։