Ապօրինի ծառահատումների հերթական դեպքերն են բացահայտվել
Ոստիկանությունը շարունակում է ամենօրյա պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Այս ուղղությամբ շոշափելի արդյունք են արձանագրում Լոռու մարզը սպասարկող պարեկները։ Օրերս նրանք բացահայտել են մի քանի դեպք։
Սեպտեմբերի լույս 1-ի գիշերը պարեկները Սպիտակում ստուգել են Դիլիջանի 33-ամյա բնակչի վարած «ԿամԱԶ»-ը։ Բեռնաթափքում հայտնաբերվել է շուրջ 17 խմ փայտանյութ։ Վարորդը պարեկներին է ներկայացրել Նոյեմբերյանի անտառտնտեսության կողմից տրված ժամկետանց փաստաթուղթ։ Պարզվել է նաև, որ փաստաթուղթը հաճարենու և բոխու վերաբերյալ էր, իսկ հայտնաբերվածը բալենի, հացենի, ուռենի և թեղի տեսակի փայտանյութ էր։
Հաջորդ օրը պարեկները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել Վանաձորի 40-ամյա բնակչի վարած «Սամանդը»։ Մեքենայի սրահում և բեռնախցում հայտնաբերվել է փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Սեպտեմբերի 3-ին էլ Լոռու պարեկները Վանաձոր-Դիլիջան ճանապարհին ստուգել են Տավուշի մարզի 25-ամյա մի բնակչի վարած «Ֆորդ» բեռնատարը։ Մեքենան բարձված էր մոտ 220 կապ փայտանյութով, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Լոռու պարեկներն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել նաև սեպտեմբերի 4-ին։ Փամբակ գյուղի վարչական տարածքում նրանք ստուգել են Լոռու մարզի 26-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2107»-ը։ Մեքենայի սրահում և բեռնախցում փայտանյութ կար, ու կրկին ոչ մի փաստաթուղթ՝ դրա օրինականության վերաբերյալ։ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ բոլոր մեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Աղբյուրը՝ shabat.am