ՀՀ–ում ամենաշատը կանայք են չվարձատրվող աշխատանք կատարում. ուսումնասիրություն

ՀՀ–ում ամենաշատը կանայք են չվարձատրվող աշխատանք կատարում. ուսումնասիրություն

ՀՀ-ում չվարձատրվող աշխատանք ամենաշատը կատարում են կանայք՝ ամբողջ կյանքի ընթացքում շաբաթական միջինում 13.3 ժամ: Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ կատարած ուսումնասիրության արդյունքները:

Այս ուսումնասիրության նպատակն է ցույց տալ, թե որքան ժամանակ են մարդիկ ծախսում տնային գործերի վրա:

«Կանայք ամբողջ կյանքի ընթացքում միջինում շաբաթական 13.3 ժամ ծախսում են տան գործերի վրա, իսկ շաբաթական 8.6 ժամ` առհասարակ խնամքի վրա: Տղամարդկանց դեպքում այս ցուցանիշները շատ փոքր են՝ ամբողջ կյանքի ընթացքում շաբաթական միջինում 3.6 ժամ ծախսում են տան գործերի վրա, իսկ ուղղակի խնամքի՝ 2.6 ժամ: Կանանց դեպքում չվճարվող աշխատանքի պիկը 30-35 տարեկանում է լինում: Այստեղ ներառվում է երեխաների, մեծահասակների խնամքը, տան գործերը, ու շաբաթական 47-49 ժամ է ծախսվում: Տղամարդկանց մոտ էլ է նույն տարիքում այդ պիկը լինում, բայց նույն այդ աշխատանքի վրա շաբաթական իրենք ծախսում են 8-11 ժամ: Աշխատանքային տարիքում կանայք 4-5 անգամ ավելի շատ են չվարձատրվող աշխատանք իրականացնում, քան տղամարդիկ: 23-27 տարեկանում այդ տարբերությունը 10 անգամ է ավելի: Հիմնականում չվճարվող աշխատանքի մեծ մասն արվում է երեխաների խնամքն իրականացնելու համար»,- ասաց Ջրբաշյանը:

Ըստ նրա՝ ՀՀ տնտեսությունում սա ամենամեծ ոլորտն է, ու այն պոտենցիալ ունի ստեղծելու ավելացված արժեքի հարկ, ինչն իրականում չի երևում:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանն էլ նշեց, որ հաճախ խնդիր է առաջանում, երբ հարցը հասնում է ընտանիք կազմելուն կամ առաջ գնալուն և կարիերա ստեղծելուն: Սարգսյանի խոսքով՝ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի այդ «կա՛մ, կա՛մ» հասկացությունը փոխարինվի «և՛, և՛»-ով:

Այսինքն` կինն ու տղամարդը պետք է կարողանան ունենալ և՛ ֆորմալ զբաղվածություն, և՛ ժամանակ հատկացնեն իրենց ընտանիքին:

«Խոսքն այն մասին չէ, որ պարտադիր պետք է բոլորը ֆորմալ աշխատանք կատարեն: Այնուամենայնիվ, եթե կինը ցանկանում է աշխատել, ապա նրա համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծել աշխատանքն ու ընտանիքը համատեղելու համար: Օրինակ` կարելի է խնամքի ծառայություններն ավելի հասանելի դարձնել, տնային գործերը տղամարդկանց և կանանց միջև համատեղ կազմակերպել, ինչպես նաև աշխատատեղերը կարելի է ավելի ընտանիքամետ դարձնել: Եթե գործատուն ցանկանում է, որ իր կին աշխատակիցը հաջողի, ապա պետք է հասկանա նաև, որ մյուս կողմում կա ընտանիք»,- ասաց Սարգսյանը:

Մասնագետները ներկայացրին միջազգային փորձը ՝ ընդգծելով, որ եվրոպական երկրների համեմատ Հայաստանում չվճարվող աշխատանքի ընդհանուր ճեղքվածքը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է տղամարդկանց ցածր մասնակցությամբ և բազմասերունդ տնային տնտեսությունների առկայությամբ: Ի տարբերություն եվրոպական երկրների մեծ մասի, որտեղ տղամարդկանց ներդրումը տնային աշխատանքի և խնամքի տեսքով համեմատաբար կայուն է կամ տարիքի հետ աստիճանաբար աճում է, հայ տղամարդկանց մասնակցությունը բարձր կետին է հասնում միջին տարիքում, որից հետո նվազում է: