Նոր ռիսկե՞ր, թե՞ պատմական հնարավորություն․ի՞նչ սպասել հայ-թուրքական սահմանի բացումից

Նոր ռիսկե՞ր, թե՞ պատմական հնարավորություն․ի՞նչ սպասել հայ-թուրքական սահմանի բացումից

Թուրքական տնտեսական էքսպանսիան գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում  ավելի քան իրական սպառնալիք է սահմանների բացման դեպքում. կարծում է տնտեսագետների մի մասը:  Ավելին, ըստ նրանց՝ մեր երկիրը կարող է զրկվել սեփական արտադրությունից, եթե իշխանությունը տեղական բիզնեսի պաշտպանության մեխանիզմներ չմշակի։ Իսկ, ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ՀՀ-ն երկու-երեք տարվա ընթացքում 30% տնտեսական աճ կունենա ցամաքային սահմանի բացումից հետո։ Իրականում ինչ սպասել սահմանի բացումից, պարզել է ՏԼԱ թղթակիցը։

ՊԵԿ նախկին նախագահ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Դավիթ  Անանյանի կարծիքով գլոբալ առումով հայ-թուրքական սահմանի բացումը, որպես երևույթ, բնականաբար կունենա դրական ազդեցություն, խնդիրը դրա ժամանակավրեպության մեջ է։ «Ինչ պայմաններում ենք մենք այդ հարցը քննարկում, ինչպիսի քաղաքական և տնտեսական փոխհարաբերություններ ունենք մեր հարևանների հետ, մասնավորապես՝ Թուրքիայի, և արդյոք դրա դիմաց ՀՀ-ի  առջև չեն առաջադրվում նոր նախապայմաններ։ Սրանք հարցեր են, որոնք ունեն անկյունաքարային նշանակություն», - համոզված է փորձագետը։

 Նաև շատ կարևոր է հասկանալ ՀՀ տնտեսական քաղաքականություն իրականացնողների տեսլականը, նշում է տնտեսագետը։ Եթե իշխանությունները ձգտում են Հայաստանը թուրքական ապրանքների մեծ շուկա դարձնել, ապա սահմանի բացումը լավագույնս կծառայի այդ նպատակին։ Բայց, եթե ՀՀ տնտեսական քաղաքականությունն, այնուամենայնիվ, միտված է ներքին արտադրության ընդլայնմանը, արտահանմանն ուղղված տնտեսության զարգացմանը, ապա հայ-թուրքական սահմանի բացումը խոչընդոտ է այդ ճանապարհին, պնդում է Անանյանը։

«Հայ արտադրողները չեն դիմանալու մրցակցությանը․ միջինից բարձր որակի, ցածր  ինքնարժեքով ապրանքները ողողելու են հայկական շուկան՝ դուրս մղելով   հայկական արտադրության նմանատիպ ապրանքները, այդ թվում նաև գյուղատնտեսական արտադրանքը», - համոզված է նա։

 Տնտեսագետի խոսքով, այս տեսակետի ընդդիմախոսները, թերևս, կվկայակոչեն այն հանգամանքը, որ այսօր էլ թուրքական ապրանքներն առկա են հայկական շուկայում։ «Բայց մի բան է, երբ թուրքական ապրանքը ներթափանցում է Հայաստան քվազիտուրիստական ( կարծեցյալ տուրիստական)  բեռների անվան տակ, մեկ այլ, երբ  դու բացում ես սահմանը և դրանք, մեծ խողովակներով, տրանսպորտային հոսքերով են  մղվում տեղական շուկա», - պարզաբանում է ՊԵԿ նախկին ղեկավարը։

 Դավիթ Անանյանի պնդմամբ, ՀՀ-ն  պարտավոր է ունենալ արտահանմանը միտված տնտեսություն, զարգացած արտադրություն, արդյունաբերություն։  Հետևաբար, եթե հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը անխուսափելի է, ապա դա պետք է իրականցվի միայն հանրային լայն քննարկումների և կոնսենսուսի արդյունքում։ Միաժամանակ, պետությունը պետք է վարի որոշակի պրոտեկցիոնիստական քաղաքականություն և ներդնի համապատասխան գործիքակազմ ներմուծվող ապրանքների համար։ Դա կարող է լինել սուբսիդիաների և ԵԱՏՄ շրջանակներում մաքսա-սակագնային լրացուցիչ կարգավորումների տեսքով։

 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, գործարար Երվանդ Թարվերդյանը պնդում է, այսօր էլ Հայաստան ներկրվում է թուրքական ապրանք,  սահմանի բացումը միայն առավել կդյուրացնի գործընթացը։ Բացառելով մեկ ավելորդ օղակ՝ ի դեմս վրացական միջնորդ կազմակերպությունների, հավելյալ փաստաթղթավորման և տարանցման ծախսերի, գործընթացը կպարզեցվի, իսկ ծախսերը կնվազեցվեն, կարծում է նա։

 Միևնույն ժամանակ փորձագետը չի ժխտում հավանական ռիսկերը հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար։ Բայց, ըստ նրա, դրանք հնարավոր է չեզոքացնել կառավարության խիստ հետևողական և համակարգված  աշխատանքի արդյունքում, որը պետք է ուղղված լինի ինչպես հայրենական արտադրողի պաշտպանությանն, այնպես էլ վերջիններիս մրցակցային դիրքերի ամրապնդմանը։  «Կառավարությունը պետք է շուկան կարգավորի որոշակի քվոտաների, լիցենզիաների տրամադրման և սեզոնային արգելքների միջոցով, ասենք ամռանը պետությունը կարող է սահմանափակել գյուղարտադրանքի ներմուծումը կամ մտցնի 500%-ոց մաքսատուրք, ինչն արգելված չէ ԵԱՏՄ կարգավորումներով։ Այս գործիքակազմի ներդրման համար երկար ժամանակ չի պահանջվի, մեկ օր-մեկ շաբաթ», - պնդում է Թարվերդյանը։

 Տնտեսագետի համոզմամբ, տնտեսությունը  զարգանում է միայն մրցակցության պայմաններում։ «Ցանկացած սահմանի բացումը տնտեսության համար նոր հնարավորություններ է ենթադրում․ դա աքսիոմատիկ ճշմարտություն է», - նշում է նա։ Մասնավորապես, շուկան չկորցնելու ցանկությունը կարող է դրդել տեղական արտադրողին աշխատել որակի և մրցունակության բարձրացման ուղղությամբ։ «Պետությունն իր արտադրողին պետք է սովորեցնի աշխատել առանց գերշահույթի և ավելի արդյունավետ։ Լինում են դեպքեր, երբ հայկական գյուղարտադրանքը, ասենք՝ լոլիկը, ավելի թանկ է, քան Իտալիայում, Իսպանիայում կամ Պորտուգալիայում», - նշում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամը։

  «Հայկական արտադրության ապրանքների Թուրքիա արտահանման առումով հայ-թուրքական սահմանի բացումը ոչինչ չի տա», - իր  հերթին պնդում է «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։ Միակ «բոնուսը» արտահանողների համար կարող է լինել տրանսպորտային-լոգիստիկ հնարավորությունների ընդլայնման տեսքով։ «Եթե դիտարկենք Թուրքիան որպես տարանցիկ երկիր, կարծում եմ կհեշտանա մեր մուտքը Եվրոպա և Թուրքիայից ներքև գտնվող երկրներ, ասենք՝ Իրաք, կնվազեն լոգիստիկ ծախսերը։ Տեղական արտադրողների համար կէժանանա թուրքական  հումքի ներկրումը», - ասում է փորձագետը։

  «Էքսպորտ Արմենիայի» համահիմնադիրը խոստովանում է․ «Օբյեկտիվ իրականություն է՝ հայկական գյուղարտադրանքը, պատրաստի ապրանքը մրցունակ չէ թուրքական շուկայում»։ Խնդիրը, ըստ փորձագետի, նաև նրանում է, որ ՀՀ-ում  տնտեսական քաղաքականության պատասխանատուներն առաջնորդվում են իրենց դասագրքային ընկալումներով։ «Այն մոտավորապես հնչում է այսպես, եթե չես կարողանում մրցունակ լոլիկ աճեցնել, ապա աճեցրու բրոկոլի։ Իսկ ո՞վ է ասել, թե դու կհաջողես մրցունակ բրոկոլի աճեցնել կամ թե թուրքականն ավելի քիչ է մրցունակ։ Այսինքն, եթե քո գյուղատնտեսությունը շահավետ չի, ուրեմն մի ունեցիր, եթե ավելի ձեռնտու է՝  ներմուծիր Թուրքիայից, իսկ քո ֆերմերը թող ծրագրավորող դառնա։ Մենք այ այս ճանապարհն ենք բռնել։ Ու ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, ինչու՞ է Եվրոպան զարգացնում իր գյուղատնտեսությունը, որտեղ ծիրանի մեկ կգ արժե 10 եվրո, իսկ կես եվրո արժեքով թուրքականը հասնելով եվրոպական շուկա դառնում է 5 եվրո, բայց  շուկա մուտքի թույլտվություն է ստանում միայն տեղի արտադրողի սպառումն ապահովելուց հետո», - ասում է նա։

 Հետևաբար, պնդում է Էմիլ Ստեփանյանը, անիմաստ է խոսել հայրենական արտադրության համար «անվտանգ» սահմանի բացման մասին առանց  պետական հովանավորչության գործող մեխանիզմերի ներդրման։ Իրավիճակը չի փրկի նաև ՀՀ ԵԱՏՄ անդամ լինելը, որը ենթադրում է ներմուծման մաքսատուրքերի առավել բարձր դրույքաչափեր Միության ոչ մասնակից պետության համար։ «Խելացի պրոտեկցիոնիստական քաղաքականություն վարելու պարագայում պետությունը պետք է մի կողմից պաշտպանի սեփական արտադրողին, դրանով իսկ օգնելով գեներացնել լրացուցիչ եկամուտ, մյուս կողմից ստիպի նրան այդ գումարների մի մասն ուղղել արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, ասենք, ներդնելով կաթիլային համակարգ, արևային կայան, նոր տեխնոլոգիաներ», - նշում է փորձագետը և հավելում, «այնպես չէ, որ այդ ուղին անծանոթ է թուրք արտադրողին, բայց, ամեն դեպքում, ՀՀ-ն պարտավոր է պաշտպանել տեղական արտադրողին և պարտադրել նրան աշխատել սեփական մրցունակության բարձրացման ուղղությամբ»։

 Ընդ որում   «Էքսպորտ Արմենիայի» համահիմնադիրը թերահավատ է, որ կառավարությանը կհաջողվի պետություն-բիզնես նման երկխոսությունը։ «Առ այսօր բիզնեսի հետ աշխատելու  մշակույթը շատ ցածր մակարդակի վրա է», - նշում է նա։

 ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ  Հայկազ Ֆանյանը համակարծիք է՝ սահմանի բացումը միանշանակ դրական է տրանսպորտային ծախսերի նվազեցման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, դա խնդիրներ է ստեղծելու հայրենական գյուղմթերքի արտադրողի համար։ «Մեր կենտրոնի արած հետազոտությունները ցույց են տալիս թուրքական գյուղմթերքի ակնհայտ գնային առավելությունը հայկականի հանդեպ, եթե նրանք մտնեն տեղական շուկա։ Մասնավորապես, ուսումնասիրվել են գյուղարտադրանքի գները Կարսում և Երևանում, իրականացվել է վերահաշվարկ տրանսպորտային ծախսերի, հարկային դրույքաչափերի տարբերության և ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի տարբերության մասով և եկել ենք այն եզրակացության, որ եթե թուրքական գյուղատնտեսական ապրանքները մտնեն Հայաստան, նույնիսկ վճարելով բոլոր հարկերը, տուրքերը, միևնույնն է, նրանք ավելի էժան են լինելու, քան մեր վաճառակետերում վաճառվող մթերքը», - նշում է տնտեսագետը։

 «30% տնտեսական աճ սահմանի բացումից երկու-երեք տարի հետո» – մի՞ֆ, թե՞ հնարավոր զարգացում հարցին Հ․ Ֆանյանը համոզված պատասխանեց․  «Միանշանակ կարող ենք ասել, որ չի կարող այդպիսի բան լինել։ Դա նույնիսկ ուսումնասիրության կարիք չունի»։

Տեղեկանք

ACSES վերլուծական կենտրոնի վերլուծությունը ցույց է տվել, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի վերացումից հետո, 2022թ-ի հունվար-ապրիլին Հայաստանի ներմուծումը Թուրքիայից նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է շուրջ 4 անգամ` $ 14 մլն-ից հասնելով $59 մլն-ի։ Ընդ որում 2021-ին արգելված ապրանքների ներմուծումը աճել է շուրջ 9 անգամ՝ $3.2 մլն-ից հասնելով $ 28.5 մլն-ի, իսկ այն ապրանքների ներմուծումը, որ չէր արգելվում 2021-ին աճել է շուրջ 3 անգամ՝ $ 10.4 մլն-ից հասնելով $ 30.2 մլն-ի։ «Այսպիսով, թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի վերացումից հետո այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանի ներմուծումը Թուրքիայից աճել է շուրջ 4 անգամ, այդ թվում 2021-ին արգելված ապրանքների ներմուծումը աճել է շուրջ 9 անգամ, ինչը ցույց է տալիս, որ հայ գործարարները արագ տեմպերով վերադառնում են թուրքական ապրանքների ներմուծմանը։ Թուրքիան Հայաստանին մատակարարում է ինչպես հումք՝ օրինակ` տեքստիլ արդյունաբերության համար, այնպես էլ մեծ քանակությամբ մրգեր և կենցաղային իրեր», - նշում են Կենտրոնի փորձագետները։