26,5 հազար եվրո վարկ՝ ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագրի համար․

26,5 հազար եվրո վարկ՝ ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագրի համար․

Ազգային ժողովում քննարկվում է 2022 թ. մարտի 15-ին և մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված ««Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Ծրագրի ընդհանուր գումարը 26 միլիոն 500 հազար եվրո է: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 14.5 տարի, վարկի տարեկան տոկոսադրույքը՝ բազիսային տոկոսադրույք գումարած լողացող սպրեդ:

Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար՝ տարեկան 0.25 տոկոս դրույքաչափով՝ համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով՝ տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ: Նախատեսված է նաև միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25 տոկոսի չափով:

«Ծրագիրը կազմված է հետևյալ հիմնական մասերից՝ պետական կառավարման համակարգի արդիականացում, թվային ծառայությունների մատուցում, տվյալների կառավարում և թվային ենթակառուցվածքներ: Ծրագիրն ամբողջությամբ համահունչ է ՀՀ Կառավարության 2021 և 2026 թվականների ծրագրին»,- նշեց  ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ հավելելով, որ ակնկալվում է բարձրացնել ընտրված պետական ծառայությունների արդյունավետությունն ու բարելավել դրանց հասանելիությունը բիզնեսի և քաղաքացիների համար: Ծրագրի նպատակն է քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման և ընտրված էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով աջակցել պետական կառավարման համակարգի արդիականացմանը:

Աշոտ Մուրադյանի խոսքով՝ ծրագրի շրջանակներում ներառված գործողությունները հնարավորություն կտան աջակցել քաղաքացիական ծառայության, հարկային վարչարարության համակարգերի արդիականացմանը, ներդնել կիբեռանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմները, հիմնել պետական տվյալների կառավարման միասնական կենտրոն:

Աղբյուրը՝   factor.am